Աղմկահարույց գրառումներից մի քանի օր անց վարչապետ Փաշինյանը վերլուծելով հոգևորականների հասցեին ամբողջ երկիրը ցնցած իր վիրավորանքները եզրահանգել է՝ խնդիրը զուտ իր հայհոյախառն արտահայտությունն էր, մյուս հայտարարություններում վարչապետը խնդիր չի տեսնում, ավելին, պնդում է, թե մնացյալի մասով հանրային կոնսենսուս կա ու անոնսում՝ գրառումների շարքը շարունակվելու է:
Մինչ այդ իշխանություն-եկեղեցի հակամարտությունը վիրտուալ հարթակներից տեղափոխվում է իրական կյանք:
Նախօրեին տեղի ունեցած միջադեպի գլխավոր գործող անձինք իշխանամերձ բլոգեր, հաղորդավար Գնել Սարգսյանն ու Մարմաշեն վանքի վանահայր Տեր Փառեն քահանա Պետրոսյանն էին, վարչապետի հայտարարություններից հետո վերջինս էլ մի ոչ պակաս աղմուկ հանած գրառում արեց ֆեյսբուքում՝ տեղեկացնելով՝ մուտքը եկեղեցի այսուհետ հսկելու է.
«Ուրեմն` խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում`Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով», - նշել է քահանա Պետրոսյանը:
Քահանայի այս գրառումից հետո երեկ իշխանամերձ բլոգեր Սարգսյանը Մարմաշենի վանք էր գնացել. վանահոր հետ զրույց սկսվեց, ինչը քիչ անց վիճաբանության վերածվեց: Գնել Սարգսյանը բղավում էր եկեղեցու տարածքում, վիրավորում քահանային ու սեռական բնույթի հայհոյանք օգտագործում:
Քահանան աղմկահարույց գրառումը հեռացրել է իր էջից, իսկ իշխանությունների աջակից Գնել Սարգսյանը միջադեպից հետո իր էջում ոչ միայն ներողություն չի խնդրել տեղի ունեցածի համար, այլև այսօր էլ շարունակել է թիրախվորել հոգևորականներին:
Վարչապետից զատ հոգևոր դասին թիրախավորելու գործին են լծվել նաև այլ բարձրաստիճան իշխանականներ. էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կիսավեր Քոբայրի վանքից մի հին լուսանկար է հրապարակել, որտեղ եկեղեցու ներսում անասուններ են: «Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված», - գրել էր ՔՊ-ականը:
Պապոյանը, սակայն, չի նշել, որ հայկական ճարտարապետության պատմության այս բացառիկ վանքը՝ հայտնի իր որմնանկարներով, չի գործում, այստեղ արարողություններ չեն իրականացվում, այն կիսավեր է ու գտնվում է հենց պետության հոգածության ներքո: 12-րդ դարում հիմնադրված վանական համալիրը պետական սեփականություն համարվող մշակութային հուշարձանների ցանկում է: 2000-ականներից վերականգման աշխատանքներ են սկսվել, որոնք այդպես էլ ավարտին չեն հասցվել:
Իշխանություն - եկեղեցի լարվածության այս նոր փուլը սկսվեց վարչապետի համեմատությունից. նա կառավարության անցած նիստում պնդել էր, թե եկեղեցիները՝ «չուլանացված են»: Նրան արձագանքեցին մի քանի բարձրաստիճան հոգևորականներ, ինչին էլ հետևեցին վարչապետի սկանդալային գրառումները հոգևորականների կուսակրոնության մասին: Այսօր էլ Փաշինյանն իր էջում անգամ կաթողիկոսի կուսակրոնության ուխտն է քննարկման առարկա դարձրել: