Վարչապետի տիկնոջ առաջնորդած «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն իրականացվում է հարկատուների վճարած գումարներով՝ պետական բյուջեի հաշվին: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության շարքերը լքած պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
«Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով», - ասաց Հարությունյանը:
Որքա՞ն բյուջե ունի «Կրթվելը նորաձև է» արշավը, հաճախակի մարզային այցելությունների, միջոցառումների և այլնի համար հարկատուների միջոցներից որքա՞ն է վճարվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որն այսօր խորհրդարանում մասնակցում էր անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը, փակագծերը չբացեց:
Բյուջե 2025-ի տողերում «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին որևէ բառ չka: Վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեն ավելի քան 24 միլիարդ դրամ է կազմում: Այն տարբեր ծրագրեր է ներառում` աջակցություն հասարակական կազմակերպություններին, հանրային իրազեկում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, տեսչական վերահսկողություն և այլն: Թե սրանցից որի շրջանակում է ֆինանսավորվում նախաձեռնությունը, Արայիկ Հարությունյանից պատգամավորը չհետաքրքրվեց:
Փակ դահլիճներում անցկացվող կրթարշավը լայնորեն գովազդում է վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը: «Կրթվելը նորաձև է» շարժման պաստառներում ու հոլովակներում հենց հիմնադրամի տարբերանշանն է, այլ ոչ կառավարության լոգոն: Հիմնադրամի կայքում այս արշավը հենց «Իմ քայլի» ծրագիր է ներկայացվում:
Այդ դեպքում ինչո՞ւ են այս միջոցառումներն անցկացվում պետբյուջեի, այլ ոչ այս հիմնադրամի տնօրինած մասնավոր միջոցներով: Ագգային ժողովում հաշվետվություն ներկայացնող վարչապետի աշխատակազմի ղեկավարն այս հարցին նույնպես չանդրադարձավ:
Ավելի ուշ կառավարությունից «Ազատությանը» պարզաբանեցին՝ աշխատակազմի կողմից ֆինանսավորվում են միայն վարչապետի մասնակցությամբ միջոցառումները: Վերջին շրջանում այս արշավի գրեթե բոլոր խոշոր հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, երբեմն նաև իր աշխատանքային ժամերին, ելույթներ ունենում ու հարցերի պատասխանում:
Էթիկայի խնդիր կա. Հոկտանյան
Վարչապետի մասնակցությամբ միջոցառումները կարող են բյուջեից ֆինանսավորվել, բայց այս դեպքում էթիկայի խնդիր կա, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը. «Արդյոք այդ արշավն իսկապես վարչապետի գործառույթների շարքում է գտնվում, դա «ռեկլամելը», դա առաջ տանելը, երբ մենք մինչև հիմա լսել ենք, որ դա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն է»:
Որքա՞ն գումար է հատկացվում, բյուջետային ի՞նչ ծրագրով, այս և այլ հարցերով գրավոր դիմել ենք վարչապետի աշխատակազմ, սպասում ենք պատասխանին:
Արթուր Խաչատրյանը քննադատում է
Սա հանրային միջոցների վատնում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին ընտրություններում ձայներ ապահովելու համար, կարծում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:
«Եթե կառավարությունը գտնում է, որ նման արշավ է պետք կազմակերպել, ուրեմն տրամաբանությունն ասեմ, որ պետք է լիներ մրցույթ, պետք է ընտրվեր մատակարար, որը կընկներ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և կքարոզեր կրթությունը», - ասաց պատգամավորը:
ՀԿԿ նախագահի գնահատականը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, մինչդեռ, այս պատմության մեջ ռիկսեր չի տեսնում. «Հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են: Ես որևէ կոռուպցիոն ռիսկ, դրսևորում չեմ տեսնում»:
«Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ միայն այս ամիս «Կրթվելը նորաձև է» արշավը ևս 6 միջոցառում կանցկացնի, այս հանգստյան օրերին Սյունիքում կլինեն, 36 հանդիպում արդեն կայացել է: