ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հունիսի 9-ին՝ երկուշաբթի օրը, կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու առևտրային համաձայնագիրը, Truth սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցիչ, դեսպան Ջեյմիսոն Գրիրը:
«Հանդիպումը պետք է շատ լավ անցնի», - գրել է ԱՄՆ նախագահը։
Հունիսի 5-ին Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Զրույցից հետո Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային թիմերը «շուտով» նոր հանդիպում կանցկացնեն։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց աշխարհի գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա առևտրային մաքսատուրքերի ներդրման մասին: Արդեն ապրիլի 9-ին նա կասեցրեց բոլոր երկրների համար մաքսատուրքերի ներդրումը՝ հիմնական մաքսատուրքը նվազեցնելով մինչև 10 տոկոս, բացառություն անելով միայն Չինաստանի համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը: Չինաստանը նույնպես բարձրացրեց ներմուծման մաքսատուրքերը: Արդեն մայիսին Վաշինգտոնը և Պեկինը համաձայնության եկան փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը: