Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս մոլորվեցին սյունեցի պատանիները. հարազատներն են պատմում


Սահմանային Արավուս գյուղի մոտակայքում մոլորված Կարենն ու Անդրեյը երեկ երեկոյան տուն են եկել , նրանց ոչ առևանգել են, ոչ գերեվարել, տղաներն ադրբեջանական կողմում չեն հայտնվել, «Ազատությանը» պատմեց 17-ամյա Կարենի հայրը:

«Ամեն ինչ նորմալ ա, շփոթվել են, իրենք մեր կողմում են եղել, ուղղակի մառախուղի պատճառով շփոփվել են, իրիկունը մառախուղն անցել ա, հետ են եկել տուն», - պատմեց Արմեն Ջհանգիրյանը:

Նույնն է ասում մյուս մոլորվածի՝ Անդրեյ Գյագունցի եղբայրը՝ Հայկ Գյագունցը: Ադրբեջանցիների չեն էլ տեսել:

Արմեն Ջահանգիրյանը պատմում է՝ որդին ընկերոջ հետ ուղղակի խելոք են վարվել, տեսել են, որ մառախուղը թույլ չի տալիս կողմնորոշվել, թե որտեղ են, սպասել են՝ ամպը ցրվի, այսքան բան. - «Պախկված էլ չեն եղել, չեն կողմնորոշվել ուր գնան, խելացի են եղել, սպասել են, որպեսզի չընկնեն ուրիշի տարածք, սպասել են»:

Երեկ կեսօրին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց , որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում: Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են:

Այսօր արդեն ծառայությունից տեղեկացնում են. - «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Սյունիքի սահմանից երկու անչափահասների անհետանալը ու երեկվա դրությամբ, ըստ ԱԱԾ-ի, Ադրբեջանում հայտնվելը, մեծ փոթորիկ բարձրացրեց ներքաղաքական դաշտում, այնպես որ կուսակրոնության թեման մի քանի ժամով լռեց:

Ընդդիմադիրները ահազանգում էին՝ պաշտոնյաները զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործից, գերիների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում, իշխանականները զայրացած հակադարձում էին՝ հենց միջադեպ է լինում, ընդդիմությունը ձեռքերն է տաքացնում դրա վրա, տեղեկատվական տեռոր է անում:

«Քաղաքացիական պայմանագրից» Արսեն Թորոսյանն ասում էր՝ «ադրբեջանցիները հո՞ գյուղ չեն մտել, տարել երիտասարդներին, մոլորվել են ու Ադրբեջանի տարածքում հայտնվել, բանակցում ենք»:

«Եվ մեր ծառայությունները հիմա բանակցում են, գործողություններ են իրականացնում Ադրբեջանի ծառայությունների հետ, որպեսզի մեր երիտասարդներին արագ վերադարձնեն»,- ասել էր Թորոսյանը:

Հայտնի չէ՝ ում հետ են բանակցում, եթե երիտասարդները՝ պարզվեց հայկական տարածքում սպասում էին մառախուղը ցրվի, լրիվ անտեղյակ, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետության հիմքերը խարխլելու մեղադրանքներ են փոխանակում: Քննչական կոմիտեն պատանիների առևանգման հատկանիշներով քրեական գործ էր հարուցել:

Մոլորված տղաներից Կարենի հայրն ասում է՝ երեկ ամբողջ օրը գրեթե վստահ էր, որ որդին սահմանն անցնող չէ. - «Ենթադրություն ա եղել, էլի, ինքը տարածքին ծանոթ ա, չէր կարա մոլորվի»:

Ասաց՝ որդին լավ է, գիշերը դրսում անցկացնելը ոչ մի հետևանք էլ չի ունեցել.- «Ինքը սարի տղա ա, իրա համար նորմալ ա, մեզ համար չէր, հիմա նորմալ ա»:

Ջհանգիրյաններն Արավուսի «կրակն ընկածն են». անցած տարի էլ Կարենը ոչխարների հոտը արոտավայր էր տարել, սահմանին կպած: Ադրբեջանցի 5 զինվորականներ զենքով մտել են հոտի մեջ, քշել տարել մի 300 ոչխար: Կարենը ձիով է եղել, արագ հասցրել է հեռանալ: Հայրն ասում է՝ հիմա էլ այս մի փորձանքից պրծավ, պիտի մի բան անեն, շառը տղայից հեռու քաշվի:

«Մատաղ անեմ, կարող ա անցնի», - արդեն ծիծաղում է Արմեն Ջհանգիրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG