Ինչո՞ւ Հանրապետականը հենց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո երեկ Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետականն իր 4 անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել: Ժամեր անց «Պատիվ ունեմը» հրապարակեց թեկնածուի անունը:
Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն պնդում է՝ Համբարձումյանն անցած տարիներին եղել է իշխանության քաղաքական ճնշումների թիրախում, բայց չկարողացավ Մասիսիս քաղաքապետին հանել խաղից:
Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Մեկ այլ՝ զանգվածային անկարգությունների դրվագով նրա դեմ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է:
«Այս իշխանությունը մեծ թվով մարդկանց նկատմամբ քաղաքական դրդապատճառներով գործեր է հարուցել: Հանրապետականում այդպիսի մարդիկ շատ են՝ սկսած կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից: «Պատիվ ունեմը» ներկայացրել է այդ թեկնածուի անունը, և այս փուլում համարում է, որ նպատակահարմար է Դավիթ Համբարձումյանի միջոցով գնալը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:
Մեկ ամսից ավելի է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկում է վարչապետի Փաշինյանի իմպիչմենթի գործընթաց սկսել, որը, սակայն, խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը անլուրջ էր գնահատել: Երկրորդ ու երրորդ նախագահները, նրանց թիմերը փոխադարձ մեղադրանքներ էին փոխանակել :
«Վերջին մեկ ամսում թեման լայնորեն քննարկվեց, մեծ առումով ընդդիմադիր դաշտից որևէ ուժ թեկնածու առաջ չքաշեց, կամ գուցե կային թեկնածուներ, որոնք քննարկվում էին, բայց լայն համախմբման հնարավորություն միգուցե չէին ստեղծում, և ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն քննարկեց և այս փուլում առաջադրեց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը»:
Աբրահամյանն ասաց՝ նախկին նախագահի թեկնածությունը չեն քննարկել: Սերժ Սարգսյանը տևական ժամանակ է հայտարարում է, որ ինքն իշխանության գալու նպատակ չունի, Հանրապետականի նպատակը իշխանափոխությունն է: Վերջին անգամ այս մասին կես ամիս առաջ էր խոսել:
Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ ձայն: Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվն ունեմն» ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը՝ 28: Ստացվում է՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն: Իշխանականներն անցած ամսվա ընթացքում մի քանի անգամ շեշտել են՝ իրենց շարքերից իմպիչմենթի գործընթացին միացող չի լինի:
Այս պայմաններում ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետին, երբ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է միանալ իրենց այդ նախաձեռնությանը, և արդյո՞ք սա նույն փակուղին չէ:
«Նախ կհասկանանք, թե «Հայաստան» դաշինքը ինչ դիրքորոշում ունի այս փուլում, ես ժամանակից ու իրադարձություններից առաջ չեմ կարող ընկնել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունից չեն շտապում արձագանքել Հանրապետականին: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ի թեկնածուի անձի հետ խնդիր չի տեսնում, բայց դիրքորոշում, ասաց, մյուս շաբաթասկզբին կհայտնեն:
Փաշինյանի իմպիչմենթի մի գործընթաց էլ նախաձեռնել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս նախաձեռնությունը տապալվեց, ընդդիմադիրները չմիացան:
Ու մինչ ընդդիմադիր դաշտում իմպիչմենթի թեման են քննարկում, խորհրդարանի խոսնակ, իշխող ուժի ղեկավար անդամ Ալեն Սիմոնյանն այսօր առաջիկա ընտրությունների հետհաշվարկն է սկսել՝ ազդարարելով, որ խորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան ուղիղ մեկ տարի անց՝ հունիսի 7-ին: