Մատչելիության հղումներ

Բախումներից հետո Թրամփը Լոս Անջելես է ուղարկում Ազգային գվարդիա


ԱՄՆ նախագահը հրամայել է Ազգային գվարդիայի 2000 զինվոր տեղակայել Լոս Անջելեսում, որտեղ ապօրինի ներգաղթյալների նկատմամբ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո բախումներ են սկսվել քաղաքացիների և իրավապահների միջև։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը սոցցանցում շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային՝ «կատարած լավ աշխատանքի» համար։

Նա կրկնել է նահանգի և քաղաքի դեմոկրատ առաջնորդների հասցեին քննադատությունը, նախքան ցուցարարներին թիրախավորելը։ «Չենք հանդուրժի այս արմատական ձախերի բողոքի ցույցերը, որոնք կազմակերպվել են հրահրիչների և հաճախ վճարի դիմաց անկարգություններ անողների կողմից»,գրել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնելով, թե այսուհետ կարգելվի բողոքի ակցիաների ժամանակ դիմակ կրելը։

Մինչ այդ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի՝ մեծամասամբ լատինամերիկացիներով բնակեցված մի շարք շրջաններում: Իրավապահնեը ձերբակալել էին 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։ «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ՝ դրանից հետո սկսված բախումների ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ էր կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ում գրել է, որ եթե բռնությունը շարունակվի, ապա Լոս Անջելեսում իրավապահ մարմիններին աջակցելու համար Ազգային գվարդիայից բացի կմոբիլիզացվի նաև ծովային հետևակը, որը «պատրաստ սպասում է հրահանգի»։ Հեգսեթը նշել է, որ քաղաքում «բռնարար ամբոխի հարձակումները» նպատակ ունեին կանխել «հանցագործ ապօրինի ներգաղթյալների արտաքսումը»։

Նախարարը նաև պնդել է, որ անկարգությունները «կազմակերպել են հանցավոր կարտելները (այսինքն՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ)»՝ առանց ապացույցներ կամ փաստեր ներկայացնելու։ Փիթ Հեգսեթը ևս զգուշացրել է որ Թրամփի վարչակազմի օրոք «դաշնային գործակալների և դաշնային կառույցների դեմ բռնությունն ու ավերածությունները չեն հանդուրժի»։

Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը ի պատասխան պնդել է՝ Ազգային գվարդիան Լոս Անջելես ուղարկելը «նպատակային սադրիչ որոշում է և միայն կսրի լարվածությունը»։ «Դաշնային կառավարություն2000 զինվոր է տեղակայում Լոս Անջելեսում ոչ թե այն պատճառով, որ իրավապահների պակաս կա, այլ որովհետև նրանք շոու են ուզում»,-հայտարարել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG