Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրանքներ են փոխանակում Ստամբուլում ձեռք բերված՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման համաձայնությունը տապալելու համար։
Ռուսական լրատվական գործակալությունները տարածել են Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության անդամ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը պատրաստ էր այս շաբաթ կազմակերպել 25 տարեկանից երիտասարդ գերիների, ծանր վիրավորների և հիվանդների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածների մարմինների փոխանակում, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսի 2-ին Ստամբուլում։
«Մինչ օրս Կիևի համաձայնությունը մարդասիրական գործողություններ անցկացնելու համար դեռ չի ստացվել։ Ուկրաինայի կոնտակտային խմբի ներկայացուցիչները չեն եկել հանդիպման վայր։ Մենք չգիտենք հետաձգման պատճառը։ Ակնկալում ենք, որ Ուկրաինայի իշխանությունները կկարողանան անհրաժեշտ որոշումներ կայացնել մոտ ապագայում», - ասել է նա։
Ուկրաինայի արձագանքը
Ռազմագերիների հետ հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական կողմը ներկայացրել է փոխանակման ցուցակներ, որոնք կազմվել են Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված և հստակ սահմանված կատեգորիաների համաձայն:
«Ռուսական կողմը ներկայացրել է այլ ցուցակներ, որոնք չեն համապատասխանում համաձայնեցված մոտեցմանը: Ուկրաինան տրամադրել է համապատասխան մեկնաբանություններ, և այժմ ռուսական կողմից սպասվում է հաջորդ քայլը»,- հայտարարել է համակարգող շտաբը:
«Դիերի հայրենադարձման վերաբերյալ իսկապես համաձայնություն է ձեռք բերվել։ Համաձայնեցված չէր ամսաթիվը։ Համաձայնեցված քայլերն իրենց հաջորդականությամբ հետևողականորեն կատարելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների,»,- նշվում հայտարարությունում։
Համակարգող շտաբի պետի տեղակալ Անդրեյ Յուսովն իր հերթին ասել է, որ ռուսները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ «ուկրաինական բանակցային խմբի վրա ճնշում գործադրելու նպատակով»։
«Բանակցությունները շարունակվում են, Ուկրաինան կողմ է Ստամբուլում հրապարակավ հայտարարված պայմանավորվածություններին հետևելուն ու դրանք իրականացնելուն։ Թշնամին ստում է և դա անում է միտումնավոր, նույնիսկ այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին են գերիներն ու զոհված զինվորները, բայց դա այլևս ոչ մեկին չի զարմացնում»,- ասել է նա։
Պատասխան նոր հարվածնե՞ր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել էր, որ պատասխանելու են ռուսական ռազմական օդանավակայանների վրա անօդաչուներով անցած շաբաթ իրականացված հարձակմանը, ինչի հետևանքով ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ վնասվեց կամ ոչնչացվեց։ Դրանից հետո Ուկրաինայի գրեթե ողջ տարածքի վրա լայնածավալ հարձակումների նոր ալիք է սկսվել։ ԱՄՆ-ում կարծում են, սակայն, որ այն չի ավարտվել, դեռ նոր հարվածներ են հնարավոր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ հարվածը սպասվում է մի քանի օրվա ընթացքում: Մեկ այլ աղբյուր նշել է, որ պատասխան գործողություններում, հավանաբար, կներառվեն տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռներ և անօդաչուներ: Ռուսաստանը նախկինում մի քանի անգամ իրականացրել է նման համակցված հարվածներ: Բացի դրանից՝ առաջին աղբյուրը ենթադրել է, որ նոր հարձակումը կլինի «ասիմետրիկ»:
Ուրբաթ ռուսական զինուժը զանգվածային հարձակում գործեց Կիևի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դա անվանեց պատասխան «ահաբեկչական գործողություններին»՝ առանց ուղիղ նշելու, թե արդյոք դա ռազմավարական օդանավակայանների վրա հարձակման պատասխանն էր։ Հարվածների նոր ալիքի շրջանակում հարձակման են ենթարկել ուկրաինական մի շարք այլ քաղաքներ։
OSINT-ի վերլուծաբան Դեֆ Մոնը X-ում գրում է, որ ռուսական օդանավակայանների վրա հարձակումից հետո Ռուսաստանը սկսել է իր ռազմաբազաներում ինքնաթիռների համար ապաստարաններ կառուցել։ Այդ մասին են վկայում բազմաթիվ արբանյակային լուսանկարներ։
Փոխադարձ հարվածներ
Այս գիշեր ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինական տարբեր շրջանների։ Խարկովին հարվածել են կառավարվող ռումբերով, կա մեկ զոհ, ևս մեկ մարդ է սպանվել Խերսոնում։ Հարվածել են նաև Դոնեցկին։ Կրամատորսկում կա մեկ վիրավոր։
Ուկրաինական կողմը ևս հարվածել է Բրյանսկին, Բելգորոդին, Կալուգա, Տուլային և այլ քաղաքների։ Տուլայում անօդաչուի կործանման հետևանքով, հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկ քաղաքի «Ազոտ» քիմիական գործարանում, հրդեհ է բռնկվել նաև Սարատովի մարզի Էնգելս քաղաքի «Կրիստալ» նավթավերամշակման գործարանում։
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ միայն Մոսկվայի ուղղությամբ ընթացող 10 անօդաչու է խոցվել գիշերը։ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները սահմանափակումներով են աշխատել գիշերը։