Հայաստանի վարչապետի թեժ ստատուս–կասկածները հոգևոր վերնախավի վարքուբարքի վերաբերյալ հնարավոր է դառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման թեմա։ Փաստաբան Արա Զոհրաբյանն է բողոք ուղարկել, դրանում ներառել է Փաշինյանի 11 ստատուսները, հիմնավորել, որ երկրի առաջին դեմքն իր վարքագծով, բառապաշարով օրենք է խախտում։
«Հարձակում է գործել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ և օգտագործել է նաև ոչ նորմատիվային բառապաշար, ավելի ճիշտ՝ լկտի բառապաշար», - ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի երեք հոդված, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած վարքագծի կանոնագրքի վեց կետի պահանջներ։ Այդ կետերից մեկով, օրինակ, հանրային պաշտոն զբաղեցնողը պետք է խոսի գրական հայերենով և ոչ ժարգոնով կամ ոչ նորմատիվ բառապաշարով։ Վարչապետի ստատուսներից մեկում հայհոյախոսություն կա։
Փաստաբանը բողոքը երեկ է ներկայացրել։ Զոհրաբյանը ենթադրում է՝ մի քանի օրից կստանա պատասխան գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։ 90-օրյա ժամկետում հանձնաժողովը եզրակացություն կտա։ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման հարց, բնականաբար, չի կարող ծագել. եթե հանձնաժողովը եզրակացնի, որ նա սրբազաններին ուղղված որակումներով օրենք է խախտել, տուգանք էլ նախատեսված չէ։
Փաստաբանը կարծում է՝ սա էլ քիչ չէ․ ի վերջո վարչապետի վարքագիծը պաշտոնական արձագանքի կարժանանա։
Մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի այս բողոքը, կուսակրոնության «ուղտը» շարունակում է չոքած մնալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Վեցերորդ օրն է՝ հանրությունն օրը սկսում է այս թեմայով նրա ստատուսներին բախվելով։ Այսօր էլ վարչապետը արձագանքել էր Միքայել սրբազանի այն հայտարարությանը, թե՝ «ձեզ ի՞նչ, թե կուսակրոնը խախտել է ուխտը, չի խախտել, ձեզ չի վերաբերվում»։
«Որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ Առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։ Իսկ դուք պղծում եք այդ տունը՝ կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը», - գրել է վարչապետը։
Ի դեպ՝ հոգու տները՝ եկեղեցիները, վարչապետ Փաշինյանն այսօր նույնպես չուլանների է նմանեցրել։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսել է պատմամշակութային հուշարձանների խնամքի մասին։ Հոգևոր կյանքի հաղորդակցություն՝ սա բյուջեի ծախսային տող է։
Այսօր լրագրողներին չի հաջողվել հարցեր ուղղել վարչապետին։ Թիմակիցներից՝ էկոնոմիկայի նախարար ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանն է երեկոյան կուսակցական հավաքից հետո զարգացրել թեման։ Նա առաջարկել է հայհոյանքի վրա չկենտրոնանալ։
Ինչո՞ւ են եկեղեցու իշխանական հավատավորները հիմա հիշել այս հարցը։ Իրենք ասում են՝ դա կարևոր չէ, պատասխանեք հարցին՝ ձեր կյանքում կանայք, երեխաներ կա՞ն, թե՞ ոչ։ Փաստաբան Արա Զոհրաբյանն այլ բացատրություն ունի. «Նա փորձում է բոլորիս շեղել հիմնական խնդիրներից, թուլացնել այն կառույցի դիրքերը և հեղինակությունը հասարակության մոտ, որը կարող է իրեն խանգարել»:
Շարունակությունն ու մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.