Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, Շվեյցարիայում «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գարեգին Երկրորդը շեշտել է, որ բացի այդ, Ադրբեջանը գրավել է նաև Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, իսկ հիմա էլ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։
Վեհափառն անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը 23-ն է:
«Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով», - ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը:
Այդ դատավարություններին ներկա չեն անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ, և ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդածները փաստացի ստուգելու հնարավորություն չկա:
Ադրբեջանական բանտերում պահվում են այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։