Բանակին անպիտան զենք մատակարարելու համար մեղադրվող Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարությանը 30 միլիոն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրաբերել։ Գործադիրն այսօր ընդունեց Գալստյանի նվիրատվությունը`առանց բացահայտելու, սակայն, թե կոնկրետ ինչ տեխնիկա է նվիրաբերվել։ Հարցը չեկուցվող էր, Կառավարության նիստում չքննարկվեց։
Նվիրատվության որոշման նախագծում էլ միայն նշվում է, որ ռազմական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։
«Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը բանակին մատակարարած անորակ զենքի քրեական երկու տարբեր գործերով է անցնում։ Առաջինն «անպիտան հրթիռների» գործն է, որի առանցքային մեղադրյալը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է, երկրորդը դարձյալ այդ հրթիռներին է վերաբերում, բայց այս դեպքում էլ մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի օրոք մատակարարվել են այդ հրթիռները։ Երկու գործերն էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանը դռնփակ է քննում, դատավարություններին լրագրողները հնարավորություն չունեն մասնակցելու։
Ավելի վաղ Դավիթ Գալստյանը վերականգնել է իրեն մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամը: