Ողջույններ Պուտինից Փաշինյանին և հակառակը
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակն, ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի,
Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Բայց թե ինչ հայտարարի են եկել, վարչապետի գրասենյակից չեն մանրամասնել: Կառավարությունը այսօրվա օրակարգից հենց Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների քննարկումներն է շեշտել, մինչդեռ ռուս պաշտոնյան ավելի շատ դետալներ է փոխանցել: Փաշինյանն ու Մատվիենկոն նախ տետատետ են զրուցել, ու բանակցությունները ծրագրվածից ավելի երկար են տևել, ապա զրույցն ընդլայնված կազմով է շարունակվել:
Լրագրողների հետ զրույցում Դաշնային խորհրդի նախագահը հայտարարել է, թե կա ըմբռնում Հարավային Կովկասում տեղի ունեցողի, երկկողմ օրակարգը թարմացնելու անհրաժեշտության շուրջ՝ հաշվի առնելով «գետնի վրա» ստեղծված նոր իրողությունները։
Հայկական կողմը չի անդրադարձել թեմային, բայց Մատվիենկոն պատմել է, թե Փաշինյանին Պուտինից ողջույններ է փոխանցել, իր անունից ողջույն Պուտինին, ըստ Մատվիենկոյի, նաև Փաշինյանն է խնդրել հղել. «Նիկոլ Վովաևիչը հատուկ ընդգծեց, որ անկախ ինչ - ինչ հերյուրանքներից ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ միշտ ունեցել է, ունի և շարունակում է ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ»:
Մատվիենկոն ամփոփել է, թե չի կիսում գնահատականները, որ Հայաստանի ու Ռուսաստանի մեջ վստահության ճգնաժամ կա. «Հակառակը՝ Հայաստանը մեզ նման ցույց տվեց երկկողմ համագործակցության ընդլայնման, նաև անվտանգության հարցերում փոխգործակցության իր շահագրգռվածությունը»:
Հայ – ռուսական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին, Հայաստանը մասնավորապես դժգոհում էր, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ 2022-ին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ, նաև որ 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները անգործություն են ցուցաբերել:
Բայց վերջին շրջանում երկկողմ այցեր են լինում, օրինակ՝ վարչապետը չնայած Արևմուտքի քննադատությանը, ընդունեց Պուտինի հրավերն ու Մոսկվայում մասնակցեց մայիսի 9-ի շքերթին: Կողմերի հռետորաբանությունը նկատելիորեն մեղմացել է, չնայած փոխադարձ կսմիթներ հնչում են:
Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել գերիների խնդրին
Մատվիենկոյի հիմնական հյուրընկալը, բնականաբար, նրա պաշտոնակից Ալեն Սիմոնյանն էր: ԱԺ նախագահի հետ տարածաշրջանին են անդրադարձել, փոխանցել է խորհրդարանի լրատվականը: ԱԺ խոսնակն ասել է՝ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը:
Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում այսպես է ձևակերպված, որ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Արդյոք Սիմոնյանը կոնկրետ միջնորդության խնդրանքով է դիմել, ու ինչ է պատասխանել Մատվիենկոն, չհաղորդվեց: «Ազատությունը» ևս այսօր ռուս բարձրաստիճան պաշտոնյայից փորձում էր ճշտել՝ հայ գերիների հարցով որևէ միջնորդություն ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է իրականացնել: Բայց Մատվիենկոն միայն ռուսաստանցի լրագրողների հետ նախընտրեց շփվել՝ ոչ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիս էր նախատեսված, ոչ խորհրդարանում հայ-ռուսական քննարկումն էր բաց լրագրողների համար:
Մի քանի համատեղ նիստերի շարքում Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն նաև համալիրում կազմակերպված հայ- ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին մասնակցեին՝ սա Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի համագործակցությանն էր նվիրված: Հենց այս նիստում Մատվիենկոն առաջարկեց հանել դոլարով հաշվարկը հայ - ռուսական տնտեսական չափումներից:
«Մենք պարզապես հարևաններ չենք, մենք դաշնակիցներ ենք: Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի սկզբունքի, փոխադարձ շահերի վրա: Եվ մեր բարեկամությունը ինչ-որ մեկի դեմ չէ, մենք երբեք ոչ մեկին ոչ մի բան չենք պարտադրում՝ ի տարբերություն որոշ այլ գործըկներիների, որոնք միշտ դնում են հարցը՝ կամ մեզ հետ, կամ ոչ մեկի հետ: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և ինքն է որոշումներ կայացնում», - հայտարարեց նա:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ևս իր ելույթում հայ - ռուսական կապերը կարևորեց. «Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Այստեղ են ձևավորում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում»:
Ու մինչ Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի ներկայացուցիչները ելույթներ էին ունենում, Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն զրույցի էին բռնվել:
Զուգահեռ ակցիաներ
Մատվիենկոն երեկ երեկոյան է Երևան ժամանել պաշտոնական այցով, նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է անձամբ ԱԺ նախագահը, ինչպես և խոստացել էր: Մատվիենկոյի այցը, ինչպես շաբաթներ առաջ արտգործնախարար Սերգեյ Լավրովինը, ուղեկցվեց բողոքի ակցիայով: Մի խումբ քաղաքացիներ այսօր «Ռուսաստա՛ն՝ դավաճաններ», «Արցախը Ձեր խղճին է» պաստառներով հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, բայց այս անգամ նաև Ռուսաստանին սատարողներների խումբ կար, որը զուգահեռ ակցիա էր անցկացնում: Երկու հակադիր ակցիաների մասնակիցները պարաբերաբար իրար վիրավորում էին ու վիճաբանում:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի երևանյան այցի ժամանակ հայտարարել էր՝ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանի օրակարգում չկա, Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում:
Ինչպես շաբաթներ առաջ արտգործնախարարի, այնպես էլ այսօր Դաշնության խորհրդի նախագահի այցի գոնե հրապարակային հատվածներում հայաստանցի պաշտոնյաները չքննարկեցին Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ վարելու՝ Ալեն Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքները: