Երևանից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Եղվարդ քաղաքում մարդիկ հաշված ժամեր են ջուր ունենում, օրական մինչև 3, առավելագույնը՝ 4 ժամ, մի մասը առավոտյան, մյուսը՝ երեկոյան։
Բայց երբ ջուր է լինում, ոչ բոլորն են տան ծորակներից կարողանում օգտվել։ Բնակելի շենքի հինգերորդ հարկում է Դերենիկ Բաբայանն ապրում, ասում է՝ իրենց տուն ջուրը գրեթե չի հասնում. - «Կամ իջնում ենք ներքևի հարևաններից ումը, որ գալիս է, իրենց տնից ենք բերում, կամ էլ հուշարձանի մոտից ենք բերում»:
Թույլ հոսքի պատճառով ոչ ջեռուցման կաթսան են օգտագործում, ոչ էլ լվացքի մեքենան։ Ստիպված այլ տարբերակներով են ջուրը տաքացնում, որ լողանան կամ լվացք անեն։
Եղվարդի այս թաղամասում, որտեղ հիմնականում բնակելի հինգհարկանի շենքեր են, բոլորն են բողոքում ջրի խնդրից: Անգամ առաջին, երկրորդ հարկերում է ջրի հոսքը թույլ։ Արտյոմ Հովհաննիսյանը երկրորդ հարկում է ապրում: Երիտասարդ տղամարդու խոսքով՝ նույնիսկ չեն հասցնում ջրի բաքը լցնել։
«Շշերով ջուր են հավաքում մարդիկ, էս վիճակն է արդեն 3 տարի: Կարող է շաբաթվա մեջ մի օր նորմալ ջուր լինի ու վերջ», - ասաց Հովհաննիսյանը:
Բնակիչները ստիպված բակերի ցայտաղբյուրներից են օգտվում՝ խմելու, լվացքի, լողանալու ջուր հավաքելու համար։
Նադյա Հակոբյանի ընտանիքը քաղաքի սեփական տների հատվածում է բնակվում։ Այստեղ էլ են ջուրը հաշված ժամերով ստանում։ Եղվարդցի կինն ասում է՝ ջրի բացակայությունն անտանելի է դառնում հատկապես տապերն ընկնելուն պես։
Ավելի քան 10 հազար բնակիչ ունեցող քաղաքի որոշ թաղամասերում ջրանջատումն անգամ շաբաթներ է տևում։
«Երևի արդեն մեկ ամիս, եթե ոչ պակաս կամ ավելի, բացարձակ մեկ գրամ ջուր չի գալիս մեր ծորակից, սեփական առանձնատուն է: Ջուրը կրում ենք Հուշարձան կոչվող թաղամասից, ինչ-որ տեղից գնում ա, հուսում ա, գնում ենք ջրի 20 լիտրանոց բաչոկներով էնքան ենք բերում գոնե կես բաք լցնենք: 4 անչափահաս երեխաների մայր, չգիտեմ ոնց պետք է այս հարցը լուծվի», - ասաց բնակիչներից Մարգարիտա Առաքելյանը:
Եղվարդի բնակիչներն այսօր քաղաքապետարանի առջև էին հավաքվել, որտեղ նաև «Վեոլիա»-ի գրասենյակն է տեղակայված։ Պահանջում էին ընկերությունից որևէ պաշտոնյա ներկայանար և իրենց բացատրություն տար՝ ինչո՞ւ բնակիչներին նորմալ ջրամատակարարում չի ապահովվում ինչպես կարգն է:
«Վեոլիա ջուր» ընկերությունը խախտում է իր կողմից սահմանված պայմանագիրը: Ըստ պայմանագրի, որը նաև հրապարակված է իրենց կայքէջում, Եղվարդի հատվածում պետք է լինի նվազագույնն 9-ժամյա ջրամատակարարում, որոշ թաղերում նաև 24-ժամյա: Չկա այդ 9-ժամյա ջրամատակարարումը արդեն 3 տարի է: Վերևի հարկի բնակիչները հաճախ առհասարակ ջուր չեն ունենում», - ասաց Եղվարդի բնակիչ Էդգար Սիմոնյանը:
Ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունից քաղաքացիներին այսօր որևէ պաշտոնյա չմոտեցավ։ Եղվարդցիներին նաև քաղաքապետարանից պարզաբանումներ չտվեցին: «Ազատությունն» այսօր դիմել է «Վեոլիա ջուր»՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքով, ընկերությունից խոստացան պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ։
Ավելի ուշ ընկերությունից «Ազատությանը» հայտնեցին, թե «Վեոլիա»-ն լիարժեք իրականացնում է վարձակալության պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները՝ տարեկան սահմանված ցուցանիշներին համապատասխան:
«Եղվարդում գործում է սահմանված ջրամատակարարման
ժամանակացույց, որը հաստատված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որով էլ առաջնորդվում է «Վեոլիա ջուր»-ը: Սակայն ամռան ամիսներին սպառման պիկով պայմանավորված,
ինչպես նաև խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով Եղվարդի որոշ հատվածներում հնարավոր է առաջանան որոշակի խնդիրներ: «Վեոլիա ջուր» ընկերությունն ամենօրյա աշխատանք է տանում այս երկու ուղղություններով էլ: Մի կողմից ջրաշինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում Եղվարդում, նորացնում ջրագծերն ու բաշխիչ ցանցը, մյուս կողմից պայքարում ապօրինությունների դեմ՝ բերելով դրանք օրինական դաշտ: Իսկ դրա ապացույցը այս տարիների ընթացքում
համակարգում ջրի կորստի նվազումն է», - փոխանցում է «Վեոլիա ջուր»-ը: