Մատչելիության հղումներ

«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են


Խնածախ, Սյունիքի մարզ, արխիվ
Խնածախ, Սյունիքի մարզ, արխիվ

Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, անցած շաբաթներին միայն կրակոցների պարբերականությունն ու ժամերն են փոխվել։ Եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա, ըստ տեղացիների, դրանք անկանոն են՝ կրակում են տարբեր ժամերի՝ սկսելով ուշ գիշերը։

«Երեկ առավոտն, օրինակ, ժամը 5:30 են կրակել՝ կովերը հանելիս, այսօր 4:30 են կրակել: Կրակոցները միշտ էլ կան», - ասաց տեղացիներից մեկը:

Խնածախի բնակիչներից մյուսն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ գյուղացիները մտահոգ են, հատկապես թիրախավորված կրակոցներից հետո: Խնածախում ու Խոզնավարում ադրբեջանական զինուժի կրակոցներից տների տանիքներ, պատուհաններ են վնասվել, մանր եղջերավոր կենդանի է խոցվել։

Ադրբեջանական դիրքերով շրջապատված այս գյուղերում հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում։

«Այդ պահին չես իմանում, կրակում են, ում վրա են կրակում՝ օ՞դ, թե՞ մարդկանց վրա, երեկ, օրինակ, 5:30 կրակել են, այդ պահին ես կովերը հանում եմ, հիմա ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ են կրակում», - նշեց բնակիչը:

Սակայն, խնածախցիներն ասում են՝ այլ ելք չունեն, սովորել են կրակոցներին, միայն Երևանից եկող հյուրերն են տագնապում ու խուսափում են երկար մնալ:

Մարտ ամսից ի վեր տեղացիները հատուկենտ դեպքեր են հիշում, որ գյուղում խաղաղ է եղել։ Խոզնավարում, օրինակ, մեկ նման դեպք էին հիշում:


Սյունիքի մարզպետն էլ է հաստատում՝ մարտից ադրբեջանական կրակոցները պարբերական են դարձել:

«Արդեն շուրջ 3 ամիս է երևի, սիստեմատիկ գիշերները կրակոցների ձայներ են, և ինչ-որ հաճախականությամբ փամփուշտները դիպչում են տներին, ենթակառուցվածքներին, բայց ՊՆ-ն հստակ արձանագրում է փաստը և դիրքորոշում ունի, ես ավելացնելու երևի թե չունեմ», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը որպես կանոն այս կրակոցներին չի անդրադառնում առանձին հաղորդագրություններով։ Ռազմական գերատեսչությունից հաղորդագրություններ են տարածում, երբ քաղաքացիական ենթակառուցվածք է խոցվում:

Երեկ էլ Սյունիքում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն, անդրադառնալով Սյունիքի կրակոցներին, հայտարարել է, որ դրանք չեն օգնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. «Մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ, և/կամ այնպիսի գործողություններ, որ թույլ չտանք հետագա էսկալացիաներ»:

Իշխանությունից պարբերաբար Ադրբեջանին առաջարկում են սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել։ Բաքվից, սակայն, չեն արձագանքում:

Այս կրակոցները հաջորդեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Փաստաթղիթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, իսկ դրան հասնելու ճանապարհը Հայաստանի իշխանությունը համարում է պայմանագրի ստորագրումը:

Չնայած վարչապետի վստահեցումներին՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ ասաց՝ սրացման վտանգ միշտ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG