Մատչելիության հղումներ

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը


Գորիսում այսօր բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Տոնական ժապավենը կտրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Գորիսի քաղաքապետը սկզբում ժապավենը կտրողների շարքում չէր, և միայն պատվո հյուպատոս Կարմեն Ափունցի միջամտությամբ նա նույնպես մասնակից դարձավ արարողությանը:

Ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն ավելի ցածր կարգավիճակ ունեցող պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց: Նկատենք՝ Իրանը 2022 թվականին Կապանում հենց գլխավոր հյուպատոսություն է բացել:

Այս հարցն անձամբ բարձրացրեց հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և ինքն էլ պատասխանեց. - «Ինչո՞ւ հյուպատոսություն չէ. քանի որ Սյունիքում բավավոր չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի»: «Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ: Եվ Գորիսում և Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք ձեռքի տված», - հավելեց Դըկոտինյին:

Այս հարցին անդրադարձավ նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը մասնակցող Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Դիվանագետը նախ արձանագրեց, թե հարցը հոռետեսական է, ապա ընդգծեց՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը քաղաքական շատ կարևոր արձանագրում է: Պաշտոնյան միաժամանակ խոսեց գրասենյակի սիմվոլիկ նշանակության մասին:

«Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասին է խոսքը, էստեղ առավելապես քաղաքական ներկայացվածության և սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես էդպիսին, օրինակ՝ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում», - ասաց փոխնախարարը:

Վահան Կոստանյանի պնդմամբ՝ պաշտոնապես երբեք չի ասվել, որ Ֆրանսիան Սյունիքում պետք է բացի գլխավոր հյուպատոսություն: Փոխարտգործնախարարի խոսքով՝ կան երրորդ ուժեր, որոնք փորձում են ինչպես այս, այնպես էլ այլ թեմաների հետ կապված «ավելի մեծ սպասումներ ստեղծել, քան իրականում կան, որպեսզի հետագայում հիասթափություն առաջացնեն քաղաքացիների մոտ»: Նա հրաժարվեց ասել, թե որ ուժերին նկատի ունի:

«Երբ բացվի և եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան»

Անդրադառնալով Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, որի մտադրության մասին Մոսկվան խոսում է տարիներ շարունակ, Վահան Կոստանյանը վստահեցրեց, թե խոչընդոտներ չունեն, և գործընթացը բնական հունով շարունակվում է:

«Երբ բացվի և եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան դրա մասին», - ասաց փոխնախարարը:

«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ». ԱԳ փոխնախարար

Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակն այսօր բացվեց Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովի շրջանակներում: Իր ելույթում փոխարտգործնախարարը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ստորագրելու Հայաստանի պատրաստակամության և Սյունիքը համագործակցության տարածաշրջանային հենակետ դարձնելու հեռանկարի մասին:

«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին», - հայտարարեց փոխնախարարը:

Կոստանյանն ընդգծեց՝ Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, և սպառնալիքի փոխարեն՝ փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները:

«Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի և մեր անմիջական և լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը», - ասաց ԱԳ փոխնախարարը:

«Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը»

Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադբեջանը արդեն իսկ հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին, Վահան Կոստանյանը վերահաստատեց՝ «Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն»:

Չնայած Հայաստանի այս պատրաստակամությանը, Սյունիքի սահմանամերձ գյուղերում երկու ամսից ավելի է լուսացնում են ադրբեջանական կրակոցների ներքո, իսկ Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել:

«Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացնում է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում», - ասաց Կոստանյանը:

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու պաշտպանական կարողություններին»


Փոխարտգործնախարարն իր ելույթում խոսեց նաև Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների մասին՝ բարձր գնահատելով Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:

«Բարձր ենք գնահատում նաև երկկողմ և եվրոպական ձևաչափով ցուցաբերվող Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին», - հայտարարեց Կոստանյանը:

Փոխնախարարը նշեց, որ հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպումը Գորիսում բնական և սպասելի է՝ հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը:

Ի դեպ, համաժողովին մասնակցող տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր տեղեկացրեց, որ Սյունիքի ճանապարհաշինական կարևոր նախագծերում առաջիկայում կներգրավվի ֆրանսիական կազմակերպություններից մեկը, որն ամենայն հավանականությամբ կիրականացի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ավելի քան 8 հազար մետր երկարություն ունեցող Բարգուշատի թունելի կառուցումը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG