Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ ազատեցին ոստիկանապետին


Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության պետի պաշտոնում, արխիվ
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության պետի պաշտոնում, արխիվ

Ոստիկանության պետի պաշտոնում երկու տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին վարչապետն ազատել է պաշտոնից, ինչո՞ւ՝ ոչ կառավարությունը, ոչ էլ Ներքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանում:

Վարչապետն ի՞նչ դժգոհություն ուներ Հովհաննիսյանից, արդյոք պատճառը հանցավորության, մահացու վրաերթերի, թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է, հանրությանը գործադիր իշխանությունը բացատրություն չի տվել:

Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում աչքի ընկավ վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փողոցային պայքարի ժամանակ:

«Ծառայություն ենք իրականացնում, հասարակական կարգ ենք պահում», - հայտարարում էր ոստիկանապետը:

«Ոստիկանությունը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում», - վստահեցնում էր Հովհաննիսյանը: Լրագրողի հարց՝ «Զարյա 3» է՞լ է կիրառվելու», նա արձագանքեց. - «Աստված չանի դրա կարիքը լինի: Ինչպես միշտ՝ գործելու ենք օրենքի շրջանակներում»:

35 տարի ուժային համակարգում աշխատած 58-ամյա Արամ Հովհաննիսյանն անցած տարի անձամբ էր ղեկավարում ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ ստորադասների գործողությունները, նրա աչքի առաջ էին ընդդիմադիրներին բերման ենթարկում՝ վնասվածքներ պատճառելով, փողոց փակող ցուցարարներին էլ «լակոտ» էր անվանել. - «Մայթեզրին ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել: ... Փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես ընդե, բա ի՞նչ պտի անենք»:

Հենց նրա օրոք էլ մեկ տարի առաջ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց մայրաքաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքների մասնակիցների նկատմամբ: 57 քաղաքացու, այդ թվում՝ ոստիկանների մոտ ախտորոշվել էին բեկորային վնասվածքներ: Մինչ օրս էլ ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել են կասկածները, որ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցույցը ցրեցին այդ ժամանակ արգելված տեսակի՝ «Զարյա 3» նռնակներով:

«Ժամանակը, միայն ժամանակը ցույց կտա՝ իրական նպատակը որն էր», և ոչ մի հաշվետվողականություն վարչապետի կողմից, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և շարունակեց. - «Կոնկրետացում կլինի թե չէ՝ ըստ այդմ մենք կհասկանանք՝ սա նախընտրական տարվա շրջանակներո՞ւմ է, թե՞ մենք արդեն ուղղակի ինչ-որ դեպք, իրադարձությունների, որը տեսանելի դաշտում չի, մեզ համար տեսանելի չի, հասարակության համար տեսանելի չի, հետևաբար՝ ուղղակի ներքին գուցե գզվռտոցների, գուցե անհամաձայնությունների ... բայց ես չեմ կարծում, որ պարոն Հովհաննիսյանն այն մարդկանցից է, ով ինչ-որ հարցում իշխանությունների հետ կարող է անհամաձայն լինել՝ անկախ նրանից, թե ով է օրվա պաշտոնյան»:

Մինչդեռ իր կառավարումը ժողովրդավարական հռչակած Նիկոլ Փաշինյանը պարտավոր է գոնե երկու տողով տեղեկացնել հանրությանը, թե ինչու է ընտրություններից մեկ տարի առաջ աշխատանքից հանում բարձրաստիճան ոստիկանին՝ նո՞ր աշխատանքի է տանում, թե՞ դժգոհ է ոստիկանությունից ու ոստիկանությունում նրա գործունեությունից:

«Բոլոր դեպքերում ու իրավիճակներում, որտեղ որ քաղհասարակության, ճիշտ է, գուցե փոքր մասը քննադատել է և տեղին է քննադատել ոստիկանության գործողությունները, իշխանությունները և իշխանության հարակից տարբեր պաշտոնյաներ կլինեն, քաղհասարակության ներկայացուցիչներ կլինեն, շատ գոհ են եղել այս մարդու աշխատանքից, և առնվազն անտամաբանական է և անբացատրելի է իր՝ աշխատանքից հեռանալը», - ընդգծեց Կարապետյանցը:

Արամ Հովհաննիսյանն այս պաշտոնը թողնում է ընտանեկան բիզնեսն ընդլայնած: Ըստ «Հետք»-ի՝ նրա որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, զավթել մայրաքաղաքի հողամասեր, այդտեղ ապօրինի շինարարություն արել, հետո օրինականացրել տարածքը:

«Նաև հետաքրքիր ձեռքբերումներ էին իր ընտանիքի անդամները ունեցել, և պիտի որ նեղացած չհեռանա՝ թե՛ նախկին իշխանություններից, թե՛ ներկա իշխանություններից: Մարդուն լավ հնարավորություններ են տվել, լավ հետաքրքիր բոնուսներ է ստացել իր ծառայության ընթացքում», - նշեց իրավապաշտպանը:

Արամ Հովհաննիսյանի հեռացման պատճառը չբացահայտող վարչապետն ամիսներ առաջ էլ SMS-ով պաշտոններից հեռացրել էր իրավապահ կառույցների առաջին դեմքերին: Կիրակի օրով ազատման դիմումներ էին գրել ներքին գործերի նախարարը, Քննչական կոմիտեի, Հակակառուպցիոն կոմիտեի, Պետեկամուտների կոմիտեի, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարները, տարածքային կառավարման նախարարը:

«Մենք չենք հասկանում որպես հասարակություն՝ ինչն է պատճառը մարդուն հեռացնելու», - շեշտեց Նինա Կարապետյանցը:

Իշխանամերձ Araratnews-ն այսօր գրել է, թե Հովհաննիսյանին փոխարինելու է Լոռու մարզպետը, որն այսօր հայտնեց, որ հեռանում է այդ պաշտոնից: Պաշտոնական հաստատում, սակայն, մինչ այս պահը չկա:

Արամ Ղազարյանը մինչ մարզպետ նշանակվելը 20 տարի աշխատել է իրավապահ համակարգում՝ ոստիկանության մարզային վարչություններում բարձր պաշտոններ է զբաղեցրել: 2024-ի հունվարին, նշանակվելով Լոռու մարզպետ, համալրեց իշխող ուժի շարքերը, բայց այսօրվա հայտարարության մեջ գրել է, որ դուրս է գալիս նաև կուսակցությունից, անցնելու է այլ աշխատանքի, թե որտեղ՝ չի մանրամասնել: Ղազարյանն այսօր նախ խոստացավ պատասխանել «Ազատության» հարցերին, ապա հրաժարվեց ու փոխանցեց, թե հայտարարությանն ավելացնելու բան չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG