Կայծակնահարության հետևանքով հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, մահացել է ՊՆ զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը տարեսկզբից մինչև այսօր բանակում զինվորների մահվան չորս դեպքի մասին է հաղորդել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, սակայն, ոչ, թե չորս, այլ յոթ զինծառայողի մահվան մասին տվյալներ ունի: Գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր՝ յոթն էլ մահացել են խաղաղ պայմաններում:
Նույն աղբյուրի տվյալներով՝ նախորդ տարի 40 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, նրանցից միայն չորսն են հրադադարի ռեժիմի հետևանքով զոհվել, 36-ը մահացել են ոչ մարտական պայմաններում: