Իշխող թիմից հեռացված պատգամավորների կուսակցությունը Պետական ռեգիստրի գործակալությունը չի գրանցում: Դիմումը մերժել են ու վերադարձրել կուսակցության հասցեով:
«Եթե չգրանցեն, տարբերակ կգտնենք ընտրություններին մասնակցելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղազարյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» հեռացվելուց հետո Հովիկ Աղազարյանն ու իր ընկեր Հակոբ Ասլանյանը կուսակցություն բացեցին, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին տուն ուղարկեն: Հինգ ամիս է՝ նախկին ՔՊ-ականները հանրությանը ներկայանում են Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) անունից, բայց պաշտոնական գրանցումն ուշանում է:
«Կանոնադրության հետ կապված դիտողություններ ունեն, ծրագրի հետ կապված դիտողություններ ունեն, ստորագրությունների հետ կապված դիտողություններ ունեն», - փոխանցեց Աղազարյանը:
Կուսակցության վարչությունը Պետռեգիստրի դիտողությունները գրավոր ստացել է, հիմա ուսումնասիրում են: Ի՞նչ լուրջ բան կա, որ Փաշինյանի նախկին թիմակիցների նոր կուսակցությունն օդում է մնացել: Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ լուրջ բան չկա: Երկարաշունչ տեքստ են ստացել, որ փաստաբաններն են փորձում հասկանալ՝ ի՞նչն այնպես չի:
Աղազարյանն ասաց՝ իրենց ներկայացրած դիմումում ջնջում կար՝ անդամներից մեկի հայրանունը սխալ են գրել, հետո ջնջել ու ճիշտն են ավելացրել: Նրա խոսքով՝ սա էլ են խոչընդոտ համարել:
«Ենթադրենք, թե հայրանունը սխալ է գրել, էլի, շփոթվել է, սխալ է գրել, ջնջել ենք դա, դրա տակը գրել ենք էդ նույն անուն, ազգանուն, հայրանունը, նոր ստորագրել է: Ասենք, էդ մենք հո չե՞նք ավելացրել, ջնջել ենք էդ, էդ չենք հաշվարկել, էդ հաշվարկի մեջ չի մտել, որ 300-ից ոչ պակաս պետք է ստորագրություն լինի», - նշեց Հովիկ Աղազարյանը:
Կուսակցության ծրագրի հետ կապված էլ դիտողություն կա, պատգամավորն ասաց՝ չի կարող բացատրել՝ ինչին են դեմ: Փաստաբանները կուսումնասիրեն, ու մի քանի օրից կխոսի դրա մասին: Նորից շեշտեց՝ իրենց ծրագիրը հեղափոխական է, եթե կարողանան Փաշինյանին հեռացնել ու իշխանություն հաստատել, ընդդիմությանը կվստահեն վերահսկողական կառույցները, կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները. - «Շատ արմատական փոփոխություններով, եթե, մենք խոսել ենք էդ թեմայով, և կարող է պատահի, հա, կարող է պատահի ընդունելի չլինի: Օրինակ, մենք պահանջում ենք, պահանջելու ենք մերու ժերի ներածին չափով, որ վերստուգիչ որոշ մարմիններ խորհրդարանից դուրս տրվի ընդդիմությանը՝ օրենքի ուժով»:
Կուսակցության կանոնադրությունում օրենսդրությանը չհամապատասխանող դրույթներ կան, փաստաթղթերում՝ բովանդակային թերություններ, «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարությունից: Այդ պատճառով էլ վերադարձրել են դիմումը: Կանոնադրության նոր նախագիծ պետք է մշակեն, համագումարում հաստատեն ու նոր դիմեն կուսակցության գրանցման համար:
Նախարարությունն անցած տարի էլ մերժել էր գրանցել պաշտպանույթան նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունը: Համագումարը, որին կուսակցության ղեկավարը մասնակցում էր հեռակա՝ Ռուսաստանից, չեղյալ համարվեց:
Արդյոք նախկին թիմակիցների կուսակցությունը չգրանցելը քաղաքական հաշվեհարդար է: Փաշինյանի դեմ պայքարող Աղազարյանը չի ուզում ծայրահեղ գնահատականներ տալ: Նախկին իշխանականները պատրաստ են կրկին 800 հազար դրամ ծախսել ու նոր համագումար անել:
«Մենք անցած անգամ պարոն Ասլանյանի հետ ծախել ենք մոտ 800 հազար դրամ, ես կարծում եմ՝ մի անգամ էլ կարանք ծախսենք», - ասաց Աղազարյանը:
Կուսակցության պաշտոնական գրանցումը թեև ձգձգվում է, բայց դա չի խանգարում, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրենց նպատակի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ քայլեր անեն: Երկու շաբաթ առաջ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել, տապալվեց, քանի որ ընդդիմադիրներն իրենց չմիացան:
«Մենք հիմա գործունեություն ծավալում ենք և փորձում ենք մեր համեստ ներդրումը բերենք՝ կոնսոլիդացնելու ընդդիմության էն հատվածը, որը գտնվում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքից դուրս և Նիկոլ Փաշինյան-Եվրոքվե առանցքից դուրս», - հայտարարեց Աղազարյանը:
Եթե մինչև խորհրդարանական հերթական ընտրություններ կուսակցությունը չգրանցեն, էլի չեն նահանջի, մի բան կմտածեն ու բաց չեն թողնի այդ հնարավորությունը: