Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սահմանամերձ Տեղ համայնքի վարչական սահմանների մոտ ադրբեջանական զորքի ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահելու դրվագով: Ո՞վ է պահել օդամղիչ ատրճանակը, Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է գործը հարուցվել, քննչականը չի մանրամասնում: Չեն հայտնում նաև, թե երբ է դեպքը տեղի ունեցել: Միայն փոխանցեցին, որ ձերբակալված չկա:
«Բա ե՞րբ է պահել, ո՞վ է տեսել, թուրքն է տեսել, չէ՞, մերոնք ոչ մեկը չի տեսել, էդ ապացույցները որտեղի՞ց է վերցրել մեր հարգարժան քննիչը», - ասաց Տեղ համայնքի ընդդիմադիր ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը:
Տեղ համայնքի ընդդիմադիր ավագանու անդամը զայրացած է, հարցեր է հնչեցնում, որոնց պատասխաններն իրավապահները դեռ չեն տալիս. - «Անհասկանալի բան է, ուղեղս չի մտնում, թե ի՞նչ քրեական գործ են հարուցել.... Թող գան էս սահմանամերձ գյուղեր՝ Խոզնավար, Խնածախ, Արավուս, մի հատ նայեն տեսնեն, ամեն օր որ կրակում են, բա էդ ինչի՞ չեն թուրքի վրա գործ հարուցում»:
44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար բնակավայրերում մոտ երեք ամիս անընդհատ կրակոցներ են: Ընդդիմադիր ավագանու անդամը հարցնում է հայաստանյան իրավապահներին՝ իսկ ինչո՞ւ այդ կրակոցները չեք դարձնում քննության առարկա:
«Հիմա իրենք ամեն օր կրակում են, Խոզնավարում կրակում են՝ ոչխար են սպանում, լուսամուտ են ջարդում, ջրատաքացուցիչների էդ բաներն են տրաքացնում: Իրանց հերոսի կոչում են տալիս, մեդալ են տալիս: Ո՞վ է ապացուցել, որ թուրքի վրա է պահել, կրակել սպանե՞լ է, որ քրեական գործ են հարուցում», - նշեց Հովսեփյանը:
Չնայած գյուղերի ուղղությամբ ամենօրյա կրակոցներին՝ երեկ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը կայուն էր գնահատել: Պաշտոնյան ասել էր, թե կրակոցներին ուշադրություն չեն դարձնում:
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասին մեր գերատեսչության պաշտոնական լրահոսը տեղեկացնում է: եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակվում, դրանք և՛ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես ճնշում գործադրելու: Բայց, փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում», - ասել է Ասրյանը:
Կրակոցների տակ ապրող, ադրբեջանական փամփուշտներից վնասներ կրող Խոզնավարի, Խնածախի մի քանի բնակիչներ այսօր «Ազատության» հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն օդամղիչ ատրճանակի դեպքից:
Բնակիչներից մեկը, անանուն մնալու պայմանով, պատմեց, որ ադրբեջանական զորքը հենց իրենց այգիների, հողամասերի մոտ է, բայց շարունակում են զբաղվել այգեգործությամբ: Մարտից գիշերները կրակոցների տակ լուսացնող կինը, ի տարբերություն ավագանու անդամի, դժգոհեց երիտասարդի արարքից. - «Նորմալ չի, 3 ամիս ա կրակում են, մեր կողմից պատասխան չեն տալիս, որ տան պատերազմ պիտի սկսվի: Ո՞նց ա նորմալ, որ մեր կողմից գնացել են ադրբեջանցիների վրա զենք են պահել»:
Մամուլը գրել էր, թե օրերս երեք տղամարդ ավտոմեքենայով մոտեցել են դիրքերին: Նրանցից մեկը ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Ըստ «Առավոտ»-ի, տղամարդը Էջմիածնից է, ու իրավապահներին ասել է, թե բարկությունից է դիմել այդ քայլին, ցանկացել է վախեցնել ադրբեջանցի զինվորներին: Պարզ չէ, արդյոք ատրճանակ պահած տղամարդը ունի՞ մեղադրյալի կարգավիճակ: