Մատչելիության հղումներ

«Մեղքը բարդել են հրամանատարի վրա». Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը, զոհերի հարազատները նրան են մեղադրում


44-օրյա պատերազմի գործերից մեկով մեղադրյալ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատական նիստից հետո հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին: Նիստի ընթացքում նա շարունակում էր պնդել, որ անմեղ է ու թեժ վեճի բռնվեց զոհված զինվորների ծնողների հետ:

Պատերազմին զոհված զինվորների ծնողներն են, որ հենց 50-ամյա գեներալ-լեյտենանտին են մեղադրում Արցախում իրենց որդիների կորստի համար: Մինչդեռ Ջալալ Հարությունյանը շարունակում է պնդել, որ ինքն անփութություն թույլ չի տվել, և իր մեղքով չեն զոհվել Ցորի զորամասի 20 զինվորները, իսկ մեկն էլ՝ անհետ կորել, այլ՝ դիվիզիոնի ղեկավարության:

«Առաջին անգամ պատասխանել եմ, որ հնարավոր է մերոնք լինեն, բայց երկրորդ անգամ մոտիկացել ենք քարտեզին, որ հիմնավոր պատասխանենք...», - ասաց նա:

Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Ո՛չ նա է համաձայն այս վճռի հետ, ո՛չ էլ տուժողները: Հարությունյանն արդարացում է պահանջում, իսկ զոհված զինվորների ծնողներն առավելագույն՝ 8 տարի պատիժ:

Հարցը, որի մասին Հարությունյանը խոսում էր դատարանում, պատերազմի թեժ օրերին հենց իրեն են տվել՝ որպես Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի՝ «առջևից եկողներն ովքե՞ր են՝ մերո՞նք, թե՞ ադրբեջանցիները»: Նա էլ պատասխանել է՝ մերոնք են, ինչից հետո զորքը հայտնվել է շրջափակման մեջ, դիրքերն ու ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերն անցել են Ադրբեջանին:

Այսօր դատարանում նա պնդում էր՝ հարցն իրեն չպետք է տային, ճիշտ է՝ ասել է՝ «հնարավոր է մերոնք են», բայց ստորին օղակները պետք է ստուգեին դա, ու ըստ դրա՝ գործողություններ անեին: Այսօր մոտ 4 ժամ տևած նիստի ընթացքում Հարությունյանը փորձում էր համոզել, որ ինքը կապ չունի այս ծանր կորստի հետ, իսկ ծնողները շարունակում էին նրան մեղադրել:

«Հիմքեր չունեն, հենց դա է մեզ վառում, որ որևէ հիմք՝ ասեին՝ մերոնք էին, չունեին: Անփութություն է», - ասաց պատերազմում զոհված շարքային Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը, որը բախտակից ծնողների հետ ուսումնասիրել է փաստերն ու կարծում է՝ առաջին մեղավորը հենց Ջալալ Հարությունյանն է:

Ծնողների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ, պնդում է՝ կան ցուցմունքներ, որ Ջալալ Հարությունյանը ոչ թե կասկածելով է ասել՝ մերոնք են, այլ՝ առանց դրա. «Եթե ինքը չուներ այդ վստահությունը՝ մերոնք են, թե չէ, կարող էր ասել՝ տեղում ճշտեք, որոշեք՝ ըստ տեղանքի»:

Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորվել էր 44-օրյա պատերազմի թեժ օրերին, ինչից հետո թողեց պաշտոնը: Այսօր դատարանում ասաց՝ ծանր վիրահատություն է տարել, և որոշ զինվորականներ, դրանից օգտվելով, մեղքը բարդում են իր վրա. «Դեռևս ապրիլ ամսին տարել եմ գլխի վիրահատություն, և կան որոշ հրամանատարներ, որոնք համարել են, որ ինքը չի հիշելու, քանի որ բավականին ծանր վիրավորում է ստացել, և սկսել են մեղքը բարդել հրամանատարի վրա», - հայտարարեց նա:

Վիրավորվելուց 4 ամիս անց Հարությունյանը նոր պաշտոն էր ստացել՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Դատարանում նրա փաստաբանը պնդում էր՝ գեներալ-լեյտենանտի առողջությունը թույլ չի տալիս նրան ազատազրկել, պահանջում պաշտպանյալին փորձաքննության ենթարկել: Առաջին ատյանի դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը:

Ջալալ Հարությունյանն առաջին բարձրաստիճան զինվորականն է, որի դատաքննությունն առաջին ատյանում ավարտվել է: Ցորի զորամասի դեպքով մեկ այլ մեղադրյալ էլ կա՝ հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանը, նրա գործով դեռ վճիռ չկա:

XS
SM
MD
LG