«Այն, ինչ լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը», - այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։
Բաքուն ամենաբարձր մակարդակով պարբերաբար խոսում է այս մասին։ Անցած ամիս նախագահ Ալիևը կրկին հայտարարել էր՝ «Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը»։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի [«Արևմտյան Ադրբեջանի»] համայնքի ներկայացուցիչներին», - ասել էր Ադրբեջանի նախագահը:
Ավելին, Ալիևը պնդել էր, թե Բաքուն այս հարցն արդեն իսկ ընդգրկել է իր օրակարգում և դրանից հրաժարվելու մտադրություն չունի։ «Այս խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձն իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն», - հայտարարել էր նա։
Արարատ Միրզոյանը, այսօր արձագանքելով այս հայտարարություններին, ասաց, թե «այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից օրակարգում չկա և չի քննարկվում»։