Ստամբուլի «Չիրաղան Փելիս» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի: Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան Կիևին է փոխանցել խաղաղության համաձայնագրի հուշագրի տեքստը, որին դեռ ծանոթանում են: Ռուստեմ Ումերովը տեղեկացրել է՝ կողմերը համաձայնել են փոխանակել ծանր վիրավոր մինչև 25 տարեկան գերիների:
«Մենք կենտրոնացել ենք նաև մեկ այլ կատեգորիայի՝ մահացածների մարմինների փոխանակման վրա։ Մանրամասները կհաղորդենք մի փոքր ավելի ուշ», - ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:
Ումերովը նաև կարծիք է հայտնել, որ կարևոր խնդիրները կարող են լուծվել միայն երկու երկրների առաջնորդների մակարդակով, և առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի 20-ից 30-ը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինան ռուսական պատվիրակությանը փոխանցել է երեխաների ցանկը, որոնք պատերազմի ընթացքում ապօրինաբար տեղափոխվել են Ռուսաստան:
«Ուկրաինացի երեխաների վերադարձը արդար և տևական խաղաղության անբաժանելի մասն է և վստահության հիմնական բաղադրիչ, մտադրությունների անկեղծության առաջին փորձությունը։ Սպասում ենք պատասխանի։ Գնդակը Ռուսաստանի դաշտում է», - ասել է Երմակը:
Ուկրաինայի նախագահն էլ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտնել է, որ Թուրքիայի միջոցով Ռուսաստանին են փոխանցել անհրաժեշտ փաստաթղթերը և պատրաստվում են գերիների նոր փոխանակման: Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է՝ եթե Մոսկվան չկատարի պայմանավորվածությունները, ապա պետք է է՛լ ավելի խիստ ճնշում բանեցվի:
«Եթե Ռուսաստանը Ստամբուլի հանդիպումը վերածի դատարկ խոսակցության, պետք է նոր մակարդակի ճնշում բանեցվի, նոր պատժամիջոցներ, և ոչ միայն Եվրոպայի կողմից», - պնդել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հաստատել է, որ պայմանավորվել են գերիների նոր փոխանականում իրականացնել, ապա հավելել, որ Ռուսաստանն Ուկրաինային կփոխանցի 6 հազար մարմին:
Financial Times-ը հրապարակել է հուշագրի ուկրաինական տարբերակը, որով առաջարկվում է գերիների փոխանակում, ուկրաինացի երեխաների վերադարձ և 30-օրյա լիակատար հրադադար, իսկ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն հրադադարից հետո: Ուկրաինան նաև պնդում է, որ հետագայում անվտանգության երաշխիքներ տրվեն, և չի պարտավորվում հրաժարվել ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանն անդամակցելուց: Բացի այդ, որևէ սահմանափակում չպետք է դրվի ուկրաինական բանակի կամ Ուկրաինայի տարածքում բարեկամ երկրների զորքերի տեղակայման վրա՝ պայմաններ, որոնց Կրեմլը հիմնականում դեմ է:
Թե ինչ է ասվում հուշագրի ռուսական տարբերակում, դեռ պարզ չէ: Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գեորգի Տիխին ասել է, որ նոր են այն ստացել և դեռ պետք է ուսումնասիրեն. - «Կրկին, մենք այն հենց նոր ենք այն ստացել։ Մենք դրա բովանդակության մասին իմացել ենք մի քանի ժամ առաջ։ Սա շատ լուրջ հարց է, քանի որ մենք փորձում ենք խաղաղության հասնել։ Բառերը նշանակություն ունեն»:
Բանակցություններից առաջ Ուկրաինայի պատվիրակության մի մասը հանդիպել էր Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Մեդինսկին ևս հանդիպումներ է ունեցել:
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը երեկ Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե կողմերը պետք է որոշակի զիջումների գնան: Քիթ Քելլոգի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը սա համարում է պրոքսի պատերազմ, որն իր դեմ վարում է ՆԱՏՕ-ն:
«Անկեղծ ասած, ինչ-որ առումով դա հենց այդպես է։ Տեսեք, թե ինչ են արել եվրոպական երկրները Ուկրաինային տրամադրած աջակցության հետ կապված։ Այսինքն՝ Պուտինը հստակ տեսնում է դա։ Այնպես որ, բոլորը պետք է պատրաստ լինեն ... մի փոքր զիջում անել», - հայտարարել է Քելլոգը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նախկին սպա, ավիացիայի փորձագետ Անատոլի Խրապչինսկին «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ այս հարձակումը Ռուսաստանին կստիպի իր բոլոր օդանավակայաններն ապահովել ռադիոէլեկտրոնային և հակաօդային պաշտպանության միջոցներով, իսկ դա հավելյալ ռեսուրսներ է պահանջում, որոնք նրանք կցանկանային կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմում:
«Հետևաբար, այստեղ հարց է ծագում՝ կա՛մ նրանք առաջ են շարժվում Ուկրաինայի տարածքում, կա՛մ կորցնում են թիկունքում լոգիստիկ աջակցությունը», - նշել է փորձագետը:
Երեկ Ուկրաինային սահմանամերձ ռուսական Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկու կամուրջ է պայթեցվել, կա 7 զոհ, 100-ից ավելի վիրավոր: Ուկրաինան պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել: Գիշերը ռուսական հարվածից Զապորոժիեում սպանվել է 5, վիրավորվել՝ 9 մարդ, ևս 6-ը վիրավորվել է Խարկովում: