Մատչելիության հղումներ

Նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական. համայնքի ղեկավարը վերադարձրել է 2 հա հողը պետությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապօրինի գույքի բռնագանձման մասին խոսելիս պարբերաբար արծարծում է նախկին պաշտոնյաների թալանչի լինելու թեման: Երեկ էլ նա հիշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ու, իր խոսքով «քոչարյանասերժական զանգվածին», երբ գործադիրը քննարկում էր Աշտարակի գյուղերից մեկում մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ հողամասը համայնքին վերադարձնելու հարցը:

Դատարանի վճռով նախկինում կատարված բոլոր գործարքները չեղարկվել են, և նախկին գյուղապետից հետ է վերցվել 4 հա վարելահողը:

Դատախազ Աննա Վարդապետյանն է տասնյակ նմանատիպ որոշումներ հրապարակել: Ասել է՝ մինչև այսօր արդեն ավելի քան 44 միլիոն դոլարի վերականգնված միջոցներ են վերադարձվել պետությանը: Ապօրինի գույքի բռնագանձման հայցով դատարանը 152 հայցադիմում է քննում. «Մեկ շաբաթ առաջ Շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել 2 հողատարածք, որոնք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում, ընդհանր արժեքը 1.5 մլն դոլար է»:

Փաշինյանը դատարանով բռնագանձվող գույքերի մասին իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գրառումներ է անում ՝ «հատիկ առ հատիկ» հեշթեգով: Օրեր առաջ դրանցից մեկը վերաբերում էր Լոռու գյուղերից մեկում՝ Կողեսում, համայնքին վերադարձված մոտ երկու հա հողակտորին: Այս դեպքում Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանն է գույքը վերադարձնողը: Նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ իր էջում է անդրադարձել վարչապետի այս գրառմանն ու շեշտել՝ «նախկին թալանչին» այժմ արդեն որպես ՔՊ-ական է ղեկավարում Լոռի բերդ համայնքը:

«Պարզվում է, որ նախկին հանրապետական համայնքապետ Արայիկ Ներսիսյանն այդ հողը դրել է աճուրդի, և ինքն էլ ձեռք է բերել։ Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքն ու հողը վերադարձրել պետությանը։ Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը։ Նույն տեղում, բայց արդեն որպես ՔՊ-ական 2021-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը», - գրել է նա:


Արայիկ Ներսիսյանն իսկապես 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը: 2017-ին Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել ու ընտրվել է խոշորացված Լոռի բերդ համայնքի ղեկավար, իսկ չորս տարի անց նախկին հանրապետական համայնքապետը դարձել է նույն համայնքի արդեն ՔՊ-ական ղեկավարը: Հաստատեց՝ 19 տարի առաջ վաճառքի է հանել համայնքային հողն ու հենց ինքն էլ գնել կադաստրային արժեքից էժան: Բայց պնդեց, թե այդ ժամանակ իրենց գյուղի հողերը պահանջարկ չունեին, այլ ցանկացողներ չկային ու որ գնելով այն, օգուտ է տվել համայնքին:

«Հետ չտրվող հողի մասին էր: Ոչ մի կետով դա չէր կարող հետ տրվել, ես համայնքի կազմում ցանկություն եմ հայտնել հետ տալու», - ասաց նա՝ հավելելով, որ ձեռք է բերել 2005-2006թ.:

Մինչդեռ այս երկու հեկտարանոց հողակտորը ՔՊ-ական համայնքապետին պատկանող 51 անշարժ գույքերից ընդամենը մեկն է: Երկու տարի առաջ «Հետք»-ն էր հրապարակել համայնքապետի հայտարարագիրը, որի համաձայն՝ նա 39 հողամաս, 5 բնակարան, երկու բնակելի տուն, 3 հասարակական ու արտադրական շինություն և 2 ավտոտնակ ուներ:

XS
SM
MD
LG