Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Հայաստանի կառավարության լրատվականը:

Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմը X-ում համառոտ հաղորդագրություն է հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվում է, որ զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոլաբալ հարցեր։ Ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ», - ասված է թուրքական կողմի հաղորդագրությունում:

Փակ սահմաններով երկու երկրների ղեկավարները կարճ զրույց էին ունեցել մայիսին Ալբանիայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում:

Դրան նախորդած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանին նվիրել էր ճանապարհների ապաշրջափակման Երևանի առաջարկը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գրքույկը: Այն ենթադրում է երթուղիների օգտագործում ինքիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով:

Թեև պաշտոնական հանդիպումներին հաջորդած հաղորդագրություններում Երևանն ու Անկարան շեշտում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար պայմաններ են դնում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց բացի թուրքական կողմը երբեմն-երբեմն նաև միջանցքի հարցն է բարձրացնում, Սյունիքով անցնող այդ ճանապարհը Ադրբեջանը Նախիջևանի միջոցով կկապի Թուրքիային:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG