Մոսկվայում հայազգի բլոգեր է կալանավորվել

Հայազգի բլոգերը մոսկովյան դատարանում

Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգզի բլոգեր, գործարար Արեգ Շչեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձինք առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել՝ բռնության հետքերով:

Շչեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրելու համար, հայտարարել է դատարանների մամուլի ծառայությունը:

Հայազգի գործարարը պնդում է, որ իրեն առևանգել էին չեչենները։ Առևանգումից մեկ օր անց Չեչնիայի իշխանությունները հայտարարել էին, թե նրան ոչ թե առևանգել, այլ բերման են ենթարկել, թեև «Տելեգրամ»-ում տարածված տեսանյութերում երևում է, որ Շչեպիխինին բռնի ուժով կայարանում քարշ են տալիս և մեքենա նստեցնում քաղաքացիական հագուստներով անձինք։

Ավելի վաղ նա մահմեդականությունն ու չեչեններին քննադատող հայտարարություններ էր արել իր սոցիալական էջերում։

Իրավապահները քրեական գործ են հարուցել նաև առևանգման փաստով։ Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը գրում է, որ հարցաքննության ժամանակ այդ գործով անցնող անձինք պնդել են, թե գործել են Չեչնիայի ղեկավարության հանձնարարությամբ։