Հանրային տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով Երևանի քաղաքապետարանն այս տարի չի կարող գնել պլանավորված 45 նոր տրոլեյբուսներից առնվազն 30-ը, այսօր ասուլիսին ասաց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Չնայած թանկացումներին, շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի: «Թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը որպես այդպիսին չկա, և հետևապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որ պետք է լիներ 45-ի մեջ, արդեն դուրս են եկել ցանկից», - ասաց նա:
Այն, որ թանկացումից հետո նախատեսվածից պակաս գումար է հավաքվում, քաղաքապետարանը վերջերս էր ընդունել՝ ակնարկելով, որ դրա հետևանքները հենց երևանցիներն են զգալու, այսօր արդեն ուղիղ են հայտարարում՝ շարժակազմը համալրել ի վիճակի չեն: Տրանսպորտային բարեփոխումները փաստորեն տեղում դոփում են, պարտաճանաչ վճարող քաղաքացիները դեռ ստիպված կլինեն կանգառներում երկար ավտոբուս սպասել, օրվա պիկ ժամերին էլ երթևեկել գերբեռնված մեքենաներով:
«Նման տեմպերով եթե շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթը կտա ասելու, որ տեսեք՝ հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ էլ 15-ն են կարողանալու բերել», - նշեց Կոստանյանը:
Տրանսպորտի ուղեվարձը փետրվարին 50 տոկոսով թանկացավ, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի էր՝ 50-ից 150 դրամ: Թանկացումների առաջին շրջանը բողոքի ակցիաներով ուղեկցվեց, ընդդիմադիրները հորդորում էին չվճարել թանկացած տրանսպորտի համար, որոշ ժամանակ անց այդ ակցիաներն ավարտվեցին, բայց պլանավորված մուտքերն ապահովելու խնդիրը, փաստորեն, չլուծվեց: Շաբաթներ առաջ թվեր էլ հնչեցրին՝ տարվա առաջին չորս ամիսների համար նախատեսվածից մոտ 6 միլիոն դոլար պակաս է փոխանցվել քաղաքային բյուջե:
Այս ընթացքում տարբեր միջադեպեր գրանցվեցին վճարել պահանջող վարորդների ու ուղևորների միջև, քիչ չէին նաև դժգոհությունները համակարգը սպասարկող «Թելսել» ընկերությունից: Ամիսներ անց էլ տեխնիկական խնդիրներ են ծագում. օրինակ՝ քարտից վճարումն է մերժվում:
Քաղաքացիներն ասում են՝ այս ամենի մասին պետք էր ավելի շուտ մտածել:
Քաղաքապետարանը հայտարարում է՝ չվճարողները պետք է տուգանվեն: Անցած ամիսներին օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, խորհրդարան բերեցին, այն Ազգային ժողովի նիստերի օրակարգ մտավ, բայց այդպես էլ չքննարկվեց: Կառավարությունից պարզաբանեցին՝ լրամշակման կարիք կա:
Առաջարկում են տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10 հազար դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն է՛լ ավելի մեծ կլինի՝ 15 հազար դրամ: Թե երբ կքննարկվի այս նախագիծը, դեռ պարզ չէ:
Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.