Հուսահատությունից՝ երջանկության բյուջե. վարչապետի այս գնահատականին քաղաքացիները հակադարձում են

Հուսահատությունից՝ երջանկության բյուջե. 13 անգամ բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր դաշտից իշխանության անցնելով, այսպես որակեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի անցած ճանապարհը: Պետբյուջեն միայն թվերի հավաքածու չէ, այլ՝ ռազմավարություն, որի հետևում կանգնած է տեսլականը, ասաց նա:

«Հայաստանի քաղաքացիների երջանկությունը ՀՀ պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և որոշակի տրամաբանություն։ Փորձեմ հիմնավորել, ասացի, որ մարդը երջանիկ է, երբ որ ազատ է», - նշեց նա։

Բյուջեն ընտանեկան բնորոշելով՝ Փաշինյանը պնդեց, թե Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է սահմանվել՝ եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ: Ռեկորդային հաջորդ տվյալը աշխատատեղերն էին՝ «նախահեղափոխական» ցուցանիշից 32 տոկոսով ավելի բարձր է՝ ըստ Փաշինյանի: Աշխատատեղերը շատանում են, բայց ավելի մեծ տոկոսով գործազրկությունն է ավելանում: Այս անհարմար վիճակագրությունը խորհրդարանում անցած տարվա բյուջեի կատարողականը ներկայացնող վարչապետը շրջանցեց:

Ըստ Համաշխարհային բանկի՝ 2024 թվականին Հայաստանում գործազրկությունը կազմել է 13.9 տոկոս, մինչդեռ 2023-ին այն եղել է 12.4 տոկոս։ Գործազրկությունն ավելանում է և՛ քաղաքներում, և՛ գյուղերում: Փաշինյանը նկատեց՝ իր պաշտոնավարման 7 տարում աշխատավարձի 75 տոկոս աճ է արձանագրվել: Նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը 25 տոկոս է:

«Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում», - վստահեցրեց նա։

Վիճակագրությունն ասում է՝ հարստացել ենք, բայց մարդիկ ապրում են ավելի լա՞վ, թե՞ վատ, «Ազատություն»-ը հետաքրքրվեց քաղաքացիներից: Կարծիքները տարբեր էին, մեկը նշեց, որ «ավելի է դժվարացել ամեն ինչ»: Մյուսն էլ հավելեց. «Իրենք իրենցով էին չափում մեզ»: Նմանատիպ պատասխաններ այլ հայաստանցիներ ևս տվեցին:

Մինչ միջին աշխատավարձի թղթային աճն ուրախացնում է վիճակագրությունը, սննդամթերքի գները հիշեցնում են իրականությունը։ 2024-ի ապրիլին արձանագրվել է սննդի ավելի քան 5 տոկոս թանկացում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գնաճային ցուցանիշները չեն վրիպել նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի ուշադրությունից։ Թանկացումների առաջամարտիկը կարտոֆիլն է. խանութներում մեկ կիլոգրամի գինը հասնում, երբեմն էլ անցնում է 400 դրամը։ Միայն մեկ տարվա ընթացքում՝ մոտ 50 տոկոս թանկացում է գրանցվել։ Ձուկը մոտ 22 տոկոսով է թանկ, սուրճը՝ 17 տոկոսով թանկ, շոկոլադը՝ 14 տոկոս, ձեթն ու կարագը՝ ավելի քան 10 տոկոս։

Թեև Փաշինյանի կառավարությունը 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակի կրկնակի նվազեցում՝ 26.4 տոկոսից հասցնել 13.2 տոկոսի, չորս տարի անց արդյունքը 23.7 տոկոս է։ Աղքատությունը կիսելու փոխարեն այն նվազել է ընդամենը 2.7 տոկոսով:

Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.