Երևանի տրանսպորտային բարեփոխումները շարունակվելու են՝ ներառելով նոր շարժակազմերի ձեռքբերում, վստահեցնում է՝ ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, հավելելով, որ իրենց ծրագրերն իրականացնելու են անկախ նրանից, թե ինչ կասեն ընդդիմադիրները:
«Որովհետև մենք ունենք տրված խոստումներ և անկախ բոլոր խոչընդոտներից գտնելու ենք լուծումներ՝ մեր տված խոստումներն իրականացնելու համար», - ասել է նա:
Բայց երեկ ոչ թե ընդդիմադիր գործիչները, այլ հենց քաղաքապետի մամուլի խոսնակն էր հայտարարել, որ քաղաքային իշխանությունները չեն կարող ձեռք բերել նախապես խոստացված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը, քանի որ ուղեվարձի թերհավաքագրումներ են, ավելին, եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել:
«Ազատության» հարցին, թե արդյոք հակասություն չկա այս երկու հայտարարությունների միջև, Արմեն Գալջյանը պատասխանեց. «Պարոն Կոստանյանը ռիսկի մասին է բարձրաձայնել, որը ֆինանսական տեսանկյունից, բնականաբար, հնարավոր է, բայց նորից եմ հայտարարում՝ մենք ունենք տրված խոստումներ և պարտականություն ունենք՝ գտնել լուծումներ անկախ բոլոր հանգամանքներից»:
Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիսայանը կարծում է, որ հանրային դժգոհությունից հետո ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը խմբագրել է քաղաքապետի մամուլի խոսնակի հայտարարությունը:
«Այն հանրային լայն արձագանքը, որ եղավ, որ դուք փաստացի տապալում եք տրանսպորտային «բարեփոխումը», իսկ դրանից բխում է, որ հանրային տրանսպորտի բարեփոխում տապալած իշխանությունն անելիք չունի, ահա դրանից ելնելով՝ իրենց խմբակցության ղեկավարը շտապել է սրբագրել և ըստ էության՝ հակասության մեջ մտնելով նախօրեին իրենց պաշտոնական տեսակետի հետ՝ իբրև թե նոր հայտարարությամբ հանդես գալ», - ասաց նա:
Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ քաղաքային իշխանությունները պետք է մտածեն ուղեվարձը դարձյալ 100 դրամ դարձնելու մասին, այլ ոչ թե սպառնան՝ նոր տրոլեյբուսներ չբերել՝ քաղաքացիների բողոքին ի պատասխան:
Արմեն Գալջյանը համաձայն չէ ընդդիմադիրների ձևակերպումներին, թե քաղաքապետի մամուլի խոսնակի հայտարարությունը նոր տրոլեյբուսներ չգնելու վերաբերյալ շանտաժ է:
Հայկ Կոստանյանի հայտարարությանն արձագանքել է նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, թե փաստորեն քաղաքային իշխանությունները տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղևորների» և բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա: Մարությանը, որը ևս ուղեվարձի թանկացման դեմ պայքար էր նախաձեռնել, նշում է, որ ստեղծված վիճակն ու Հայկ Կոստանյանի հայտարարությունը հիմնավորում է իրենց ասածը, որ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի, և որ քաղաքացիների բոյկոտը կարելի է հաջողված համարել:
Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը ևս նկատում է, որ քաղաքային իշխանությունների հայտարարությունները՝ բոյկոտի ու թերհավաքագրումների մասին, իրարամերժ են, և հայտարարում, որ քաղաքային բյուջեում նոր շարժակազմերի համար գումար կա:
Արմեն Գալջյանը համաձայն չէ, որ Հայկ Կոստանյանի հայտարարությունը բոյկոտի հաջողության մասին է վկայում:
Շարունակությունը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5
ՔՊ-ից պնդում են՝ Երևանի տրանսպորտի բարեփոխումները կշարունակվեն, ընդդիմադիրները շեշտում՝ նախկին հայտարարությունը շանտաժ էր