Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ օրերս տեղի են ունեցել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և Կիևի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարող Վլադիմիր Մեդինսկու հեռախոսային բանակցությունները։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Բեռլինում՝ Գերմանիայի դաշնային կանցլերի հետ ասուլիսի ընթացքում։
«Պաշտպանության նախարարը զանգահարել էր Մեդինսկուն՝ փորձելով պարզել, թե երբ է պատրաստ լինելու ռուսական բանակցային առաջարկների փաթեթը։ Նրանք ասացին, որ շուտով որոշ բաներ պատրաստ կլինեն, սակայն մենք ոչինչ չենք ստացել։ Նույն վիճակն է ամերիկացիների պարագայում՝ նրանք ևս սպասում են Մոսկվայի առաջարկներին», - նշել է Զելենսկին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններին նվիրված ռուսական հուշագրի աշխատանքները մոտենում են ավարտին։