Հունիսի 3-ի գիշերը ռուսական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային։ Օդեսայում և Չեռնիգովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ, հայտնում են տեղական իշխանությունները։ Բալակլեայում զոհվել է մեկ մարդ։
«Նախնական տվյալներով՝ կա երեք վիրավոր՝ մեկ կին և երկու տղամարդ։ Նրանք ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են քաղաքի բուժհաստատություններում», - հայտնել է Չեռնիգովի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Ըստ նրա՝ վնասվել են շենքեր, դպրոցներ, մի քանի խանութ, կանգառներ։ Բացի այդ, հարված է հասցվել նաև արդյունաբերական ձեռնարկության։
Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է: Հրդեհներ են բռնկվել նաև տարբեր հասցեներում, և փրկարարները մարել են դրանք:
Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել։ Քաղաքապետարանի ղեկավար Վիտալի Կարաբանովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքացիական ձեռնարկության և բաց տարածքի։ Նրա խոսքով՝ զոհն ու վիրավորը ձեռնարկության աշխատակիցներ են։