ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօր ավելի քան մեկ ժամ շարունակված հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներն ու Իրանի խնդիրը։
«Պուտինն ասաց, որ ստիպված է պատասխանել ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ նախօրեին Ղրիմի կամրջի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հավելելով, որ կամուրջը վնասներ չի կրել։
Ուկրաինայի ԱԱԾ-ն երեկ տարածած հաղորդագրությամբ պնդել էր, որ պայթյունը լուրջ վնաս է հասցրել կամրջին, որն այժմ փաստացի «վթարային վիճակում է»։
Սպիտակ տան ղեկավարը, որ ընտրությունից առաջ խոստացել էր արագորեն վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին, այսօր՝ Պուտինի հետ զրույցից հետո, փաստել է, որ խաղաղությունը մոտ չէ։
«Լավ զրույց էր, բայց ոչ այնպիսի զրույց, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը», - գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում։
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Թրամփն ասել է, թե Պուտինը համաձայնել է աջակցել դրա շուրջ տարաձայնությունների կարգավորմանը։
«Մենք քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ որոշում կայացնելու համար Իրանին տրված ժամանակը սպառվում է»,- գրել է Թրամփը, հավելելով, - «Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կարծում եմ՝ մենք համակարծիք ենք այս հարցում»։
«Նախագահ Պուտինը նշել է, որ պատրաստ է մասնակցել Իրանի հետ քննարկումներին, և որ գուցե դա կարող է օգնել արագ լուծել խնդիրը», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի առաջարկներն անընդունելի են և հակասում են Թեհրանի շահերին: