Աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի և աշխարհի ամենահարուստ մարդու միջև իսկական պատերազմ է ընթանում: Դոնալդ Թրամփի և նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի հակասություններն այնքան են սրվել, որ նրանք բացահայտ քննադատում են իրար, վիրավորում, երեսով տալիս, Մասկն էլ ակնարկում է, որ նախագահը պետք է հրաժարական տա:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Մասկը, որը վերջերս է թողել կառավարության արդյունավետությունը վերահսկող դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, օրեր առաջ սկսեց քննադատել հարկերի ու ծախսերի մասին օրինագիծը և այն նույնիսկ «նողկալի» անվանեց: Նա պնդում է, որ օրինագիծն էապես կմեծացնի բյուջեի դեֆիցիտը և հավելյալ բեռ կդառնա հարկատուների ուսերին:
Լարվածությունն է՛լ ավելի սրվեց, երբ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, թե «շատ հիասթափված է» Մասկի քննադատությունից՝ ակնարկելով, որ դա կարող է լինել իրենց «հիանալի հարաբերությունների» վերջը։ Նախագահն ընդգծեց, որ Մասկը շատ լավ տեղյակ էր օրինագծին և դեմ չէր, սակայն սկսեց խնդիրներ տեսնել, երբ իմացավ, որ կրճատվում են էլեկտրական մեքենաներ արտադրողներին տրվող պետական արտոնությունները, ինչը կազդի նաև իր ընկերության՝ Tesla-ի վրա:
«Իլոնը շատ լավ տեղյակ էր այս մանրամասներին, շատ ավելի լավ, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը ... Նա որևէ խնդիր չուներ դրա հետ։ Հանկարծ խնդիր ունեցավ», - ասաց Թրամփը:
Մասկի ընկերությունները, այդ թվում՝ Tesla-ն, SpaceX-ը և Starlink-ը, ուղիղ կապեր ունեն կառավարության հետ և ինչպես շատ այլ բիզնեսներ, նույնպես օգտվում են սուբսիդիաներից և հարկային արտոնություններից։ Մասկը սոցցանցում հերքեց, թե իր դժգոհությունը կապ ունի սուբսիդիաների հետ, նշելով, թե կարող են կրճատել դրանք, մինչդեռ նավթի ու գազի ոլորտի սուբսիդիաները չեն կրճատվում: «Շատ անարդար է», - գրեց նա:
Այնուհետև ձեռնարկատերը, որը մոտ 290 մլն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավին, նրան մեղադրեց «անշնորհակալ» լինելու մեջ՝ պնդելով, որ առանց իր օգնության Թրամփը կպարտվեր. - «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները Սենատում կունենային 51 մանդատ դեմոկրատների 49-ի դեմ։ Ինչպիսի անշնորհակալ վերաբերմունք»:
Մասկը նաև X-ում սոցհարցում է սկսել՝ պարզելու, թե արդյոք ժամանակն է Ամերիկայում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որը կներկայացնի միջին խավի 80 տոկոսը։ Հարցմանը 4.5 միլիոնից ավելի օգտատեր է մասնակցել, մոտ 81 տոկոսը դրական է պատասխանել:
Մեկ այլ գրառմամբ Մասկը նշում է, թե մաքսատուրքերի՝ Թրամփի գլոբալ պլանը ԱՄՆ-ում ռեցեսիայի կհանգեցնի տարվա երկրորդ կեսին: Նա նաև վերահրապարակել է օգտատերերից մեկի գրառումը, որում Թրամփին կոչ է արվում հրաժարական տալ: Հեղինակը նաև պնդում է, թե Թրամփի անունը շրջանառվում է սեռական հանցագործությունների համար դատապարտված և ավելի ուշ ինքնասպան եղած Ջեֆրի Էփշտեյնի գործին առչնվող և դեռ չհրապարակված նյութերում։
Մասկը նաև վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ գրառում, որում ասվում է, որ Թրամփը ժամանակին խնջույքների էր մասնակցում Էփշտեյնի հետ: Գրառմանը կից կա տեսանյութ նման մի խնջույքից:
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտն ասել է. - «Սա մի անհաջող դրվագ է Իլոնի կողմից, որը դժգոհ է «Մեկ մեծ գեղեցիկ» օրինագծից, քանի որ այն չի ներառում այն քաղաքականությունը, որ նա է ուզում»:
Գրառումների շարքից մեկում, ի դեպ, Թրամփը պնդել էր, թե Մասկը «պարզապես խելագարվել է», ապա հավելել, որ բյուջեում միլիարդներ խնայելու ամենահեշտ ձևը նրան տրվող սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է։ «Միշտ զարմացել եմ, որ Բայդենը դա չի արել», - գրել է նա։
Մասկն էլ սպառնացել է, որ SpaceX-ը «անմիջապես կսկսի շահագործումից հանել իր Dragon տիեզերանավը», որն օգտագործվում է Միջազգային տիեզերակայան մարդկանց և պաշարներ տեղափոխելու համար։
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, թե ամեն ինչ կարգին է։ «Երբեք այսքան լավ չի եղել», - Politico-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը: Պարբերականի տեղեկություններով՝ նրա օգնականները Մասկի հետ հեռախոսազրույց են պլանավորում ուրբաթ, որպեսզի հարթեն խնդիրը։ Սպիտակ տնից, սակայն, BBC-ին ասել են, որ նման բան պլանավորված չէ, նախագահը հետաքրքրված չէ խոսել Մասկի հետ:
ԱՄՆ նախագահը, որը ժամանակին հայտարարում էր, թե սիրում է Tesla մեքենաներ, Wall Street Journal-ի տեղեկություններով՝ հիմա մտածում է իր Tesla-ից ազատվելու մասին, որ գնել էր տարվա սկզբին՝ հայտարարելով, թե դրանով ցանկանում է աջակցել Մասկին, ում ընկերությունները, ի թիվս ամերիկյան այլ ընկերությունների, տուժում են այլ երկրների մաքսատուրքերից:
Հրապարակային վեճի ֆոնին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սատարել է Թրամփին՝ ասելով, թե հպարտ է, որ նրա կողքին է:
«Նախագահ Թրամփը իմ կյանքի ընթացքում ցանկացած մարդուց ավելին է արել՝ իր ղեկավարած շարժման վստահությունը վաստակելու համար», - հայտարարել է Վենսը:
Նախկին գործընկերների այս վեճի ֆոնին Մասկին պատկանող Tesla-ի բաժնետոմսերը մի քանի ժամում 14 տոկոսի անկում են գրանցել, այսինքն՝ ընկերության շուկայական արժեքը նվազել է մոտ 153 միլիարդ դոլարով: Սակայն ուրբաթ առավոտյան Մասկի և Թրամփի միջև լարվածության հնարավոր թուլացման սպասումների ֆոնին Tesla-ի բաժնետոմսերը վերականգնվել են:
Ըստ Կոնգրեսի վերջին վերլուծության՝ խնդրո առարկա օրինագիծը 10 տարում ԱՄՆ պետական պարտքը կավելացնի 2.4 տրիլիոն դոլարով և գրեթե 11 միլիոն մարդ կմնա առանց առողջապահական ապահովագրության, որն ապահովում է կառավարությունը: