Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանապետ նշանակվեց Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը


Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին պաշտոնանկությունից մեկ օր անց փոխարինեց Լոռու նախկին մարզպետը, որը ևս երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Արամ Ղազարյանը նախօրեին հրաժարվեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցությունից՝ կուսակցական չլինելը օրենքի պահանջ է: Ընդ որում, Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ էր նշանակվել իշխող կուսակցության Վանաձոր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Նորանշանակ ոստիկանապետը, որը համատեղությամբ նաև ՆԳ փոխնախարարն է, գրեթե 20 տարի ոստիկանության համակարգում է աշխատել, զբաղեցրել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի ոստիկանապետի պաշտոնը:

Արամ Ղազարյանի անունը մամուլում կապվում է 2021թ. սպանված քրեական հեղինակության՝ «Քանաքեռցի Տույ» մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա վերջինիս հորեղբոր տղան է։ Առերևույթ այս կապի վերաբերյալ գործադիր իշխանությունը շարունակում է լռել: «Ազատության» հետ զրույցում 53-ամյա Ղազարյանը միայն ասաց, թե չի ցանկանում այդ հարցի շուրջ խոսել:

Մինչ այդ բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեց երկու տարի պաշտոնավարած Արամ Հովհաննիսյանը:

«Հաշվետվողականության մասով կարծում եմ՝ պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակային քննարկվում են, բայց նաև պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ, մանավանդ, ինչպես ասել եմ, որ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված», - դեռևս 2024-ի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը նման պարզաբանում էր տվել, երբ, իրավապահ կառույցներից դժգոհելով, SMS հաղոդագրությամբ այլ պաշտոնյաների շարքում ազատել էր նաև Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քարամյանին և Հակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Սակայն թափանցիկ կառավարումը գերակայություն հռչակած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն 2 օր է լռություն է՝ չկա պարզաբանում՝ ինչո՞ւ պաշտոնից ազատվեց երկու տարուց ավելի ոստիկանապետ աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

Ի՞նչ դժգոհություն ուներ վարչապետը Հովհաննիսյանից։ Արդյոք նրա հեռացման պատճառը հանցավորության աճն էր, մահացու վրաերթերը, թմրամիջոցների կամ ապօրինի զենքի ազատ շրջանառությունը։ Մինչև այս հարցերը լայնորեն շրջանառվում են, մամուլում տարբեր վարկածներ են նկարագրվում, վարչապետի գրասենյակից միայն ասացին՝ «առանց մեկնաբանության, եթե հարց լինի վարչապետը հրապարակային կանդրադառնա»:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Հովհաննիսյանին հուշել են հրաժարական տալ. - «Ակնհայտորեն պայմանավորված է ոստիկանության աշխատանքի որակով, սա պայմանավորված է այն հանգամանքով, երևի, որ Հովհաննիսյան Արամը հին համակարգի մարդ է և ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության պետին ներկայացվող պահանջներին այդքան էլ չէր բավարարում»։

Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում աչքի ընկավ վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փողոցային պայքարի ժամանակ: 35 տարի ուժային համակարգում աշխատած 58-ամյա Հովհաննիսյանն անցած տարի անձամբ էր ղեկավարում ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ ենթակաների գործողությունները, նրա աչքի առաջ էին ընդդիմադիրներին բերման ենթարկում՝ վնասվածքներ պատճառելով, իսկ խորհրդարանի մոտ ցույցը ցրելիս հատուկ միջոցներ կիրառվեցին, ինչի հետևանքով մոտ 100 մարդ վիրավորվեց:

Մինչ օրս չեն հերքվել կասկածները, որ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցույցը ցրեցին այդ ժամանակ արգելված տեսակի «Զարյա 3» նռնակներով:

XS
SM
MD
LG