Մատչելիության հղումներ

Նեպոտիզմ կա՞, թե՞ չկա. Արտգործնախարարը՝ հոգաբարձուների խորհրդի անդամ, կինը՝ գործադիր տնօրեն


Փոխվարչապետը ներկայացնում է Գոհար Աբաջյանին
Փոխվարչապետը ներկայացնում է Գոհար Աբաջյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այդ նշանակման մեջ խնդիր չեն տեսնում:

«Երկիրը թաղված է նեպոտիզմի ճահճի մեջ». - նախկինների մասին աղմկող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ թաղված է ծանոթներին, բարեկամներին պաշտոնների նշանակելու, նրանց առաջխաղացումն ապահովելու, հովանավորելու ճահճի մեջ, ասում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրան չի զարմացրել հերթական նշանակումը: Պետական հիմնադրամի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն է նշանակվել արտգործնախարարի կինը: Ամուսինն էլ՝ Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ է:

«Եվ սա նեպոտիզմի ամենաուղիղ, ամենացցուն դրսևորումներից մեկն է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավորը:

«Էնթերփրայզ Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդում միայն իշխանականներ են: Նախագահը վարչապետն է, տեղակալները՝ փոխվարչապետերը: Խորհրդի կազմում են կուսակցական նախարարներ ու իշխանական պատգամավորներ:

«Պատկերացրեք՝ որևէ մարզպետի կին հանկարծ գնում է մարզպետի ենթակայության դպրոցի տնօրեն է դառնում; Հարցեր են չէ՞ առաջանում, կարող է ինքը ամենալավ տնօրենն է, բայց միևնույն է՝ կա էթիկական զսպվածության խնդիր և նաև հանրային ընկալման խնդիր», - ընդգծեց Խաչատրյանը:

Այս հիմնադրամը ստեղծվել է մի քանի տարի առաջ՝ Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով: Այնքան գրավիչ միջավայր պետք է ստեղծեն, որ դրսից էլ գործարարները գան ու այստեղ ներդրումներ անեն, նպաստեն տնտեսական աճին, Հայաստանի բարգավաճմանը: Այս ոլորտում ի՞նչ փորձ ունի նախարարի կինը, Գոհար Աբաջյանը ի՞նչ հաջողություններ է արձանագրել: Կենսագրությունը չկա հիմնադրամի կայքում: Այս բուռն քննարկվող նշանակումից մի բան է հայտնի, որ նորանշանակ գործադիր տնօրենը նախարարի կինն է:

«Արարատ Միրզոյանի տիկնոջ ո՛չ կրթությանն եմ տեղյակ, ո՛չ աշխատանքային փորձին եմ տեղյակ, չնայած եթե ներդրումների բնագավառում մասնագետ լիներ, վստահաբար տեղյակ կլինեի: Բայց առնվազն էթիկայի խնդիր է, առնվազն այդ հարցը առաջանում է՝ ինչպե՞ս եղավ, որ Արարատ Միրզոյանի կինը նշանակվեց Ներդրումների աջակցության կենտրոնի տնօրեն, Հայկ Կոնջորյանի կինը նշանակվեց «Հայփոստ»-ի տնօրեն», - ասաց Արթուր Խաչատրյանը:

«Ես կարծում եմ, որ իմ գործընկերները նաև էդ տրամաբանության մեջ են նայել նշանակումից առաջ, եղել է մրցույթ, եղել են թեկնածուներ». - վարչապետի աշխատակազմի ղեկավարը խնդիր չի տեսնում, որ բարձրաստիճան պաշտոնյայի կինն է կենտրոնը ղեկավարելու: Արայիկ Հարությունյանն ասում է՝ մրցույթ է եղել, մասնակցել ու հաղթել է: Նա վստահ է՝ նախարարի կնոջ հաղթանակը անաչառ, արդար մրցույթում է արձանագրվել:

«Եթե չեմ սխալվում, շատ թեկնածուներ են եղել, հետո եղել են հարցազրույցներ որի արդյունքում որոշում է կայացվել, և վստահ եմ, որ էդ տրամաբանության մեջ էլ են նայել», - հայտարարեց Հարությունյանը, «Ազատության» դիտարկմանը՝ «օբյեկտիվ որոշում է կայացվել», արձագանքելով. - «Վստահ եմ, որ այո»:

«Ամենաառաջինը՝ դա էթիկայի խնդիր է, պետք է ձեռնպահ մնալ նման բաներից», - հակադարձում է Արթուր Խաչատրյանը:

Ո՞վ է տեսել ու լսել, որ օբյեկտիվ է եղել, նրան հրապարակայի՞ն են քննել, հարցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Միայն այն, որ Գոհար Աբաջյանը երկրի առաջին դեմքերից մեկի կինն է, արդեն բավական է, որ կասկածես մրցույթի անկողմնակալությանը, ասում է Խաչատրյանը:

Այստեղ առնվազն էթիկական խնդիր կա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ու որ այդ հարցերը, կասկածները չծագեն, իշխանականները պետք է զերծ մնան հարազատների, ընտանիքի անդամների առաջխաղացմանը նպաստելու գայթակղությունից:

«Պատկան մարմինները պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնեն՝ պարզելու համար, եթե եղել է մրցույթ, մրցույթի կազմակերպման և հաղթողի ընտրման օրինականությունը: Հենց թեկուզ մենակ նրա համար, որպեսզի բոլոր ասեկոսեները բացառեն», - պնդեց Արթուր Խաչատրյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այստեղ շահերի բախում չի տեսնում, ոչ էլ կոռուպցիոն ռիսկեր: Արթուր Նահապետյանը, որ հարյուր օր էլ չկա, ինչ այս պաշտոնին է, չի պատրաստվում ուսումնասիրել այդ նշանակումը:

«Առերևույթ ձեր ասածի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ և շահերի բախում չեն տեսնում», - հայտարարեց Նահապետյանը:

Ի՞նչ կանեին Փաշինյանն ու թիմակիցները իրենց թունդ ընդդիմադիր օրերին, երբ պաշտոնները նախկինների ընտանիքի անդամներին բաժին հասնեին, հարցնում է ընդդիմադիր պատգամավորն ու ինքն էլ պատասխանում՝ միջազգային բարձր ամբիոններ կհասնեին ու կաղմկեին յուրայիններին հովանավորելու արատավոր բարքերի մասին. - «Եթե դա լիներ 10 տարի առաջ, պատկերացնում եք չէ՞, էս կոռուպցիայի դեմ պայքարողները հիմա մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բողոք էին ներկայացրել»:



XS
SM
MD
LG