Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Մաղթում եմ մեր երկրներին և ժողովուրդներին խաղաղություն և բարգավաճում»,- X-ում գրել է նա։
Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը շնորհավորում է Ադրբեջանին այդ տոնի կապակցությամբ:
Թեև այսօր՝ կեսօրն անց, ԱԱԾ-ն հաղորդել էր, որ Սյունիքից երկու երիտասարդներ հայտնվել են Ադրբեջանի տարածքում, իսկ Քննչական կոմիտեն էլ՝ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել առևանգման հատկանիշներով, վարչապետն այս մասին իր գրառման մեջ որևէ կերպ չի նշել:
Նախօրեին էլ Փաշինյանը մյուս հարևան երկրի՝ Թուրքիայի նախագահին էր շնորհավորել տոնի կապակցությամբ: Ռեջեփ Էրդողանը Հայաստանի վարչապետին, իր հերթին, շնորհավորել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ Փաշինյանը կարճ զրույց էր ունեցել մայիսին Ալբանիայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում:
Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը Բաքվի հետ, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրում։ Փաստաթղիթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: