Վարչապետը կասկածի տակ է դնում Գարեգին երկրորդ կաթողիկոսի կուսակրոնությունը: Ֆեյսբուքյան շատ ուղիղ գրառման մեջ Փաշինյանը հայտարարել է՝ խնդիրը բարձրացնում է թե՛ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, թե՛ որպես վարչապետ, որովհետև «տեսնում է հոգևոր ու պետական անվտանգության խնդիր»։
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում», - նշել է Փաշինյանը։
Թե ինչպե՞ս է պատրաստվում պարզել՝ Գարեգին երկրորդը կուսակրոն է, թե խախտել է ուխտը, վարչապետը իր վերջին գրառման մեջ չի մանրամասնել, չի խոսել նաև, թե ի՞նչ պարզաբանում է հաջորդելու այդ հայտարարությանը:
Անպատասխան շատ հարցեր կան նաև վարչապետի մեկ այլ՝ ոչ պակաս աղմուկ հանած գրառման շուրջ, որ Հայաստանը «պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ Առաքելական եկեղեցու առաջնորդների թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում»։
Այսօր վարչապետին ԵՊՀ այցի ընթացքում ուղեկցած կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի տեսակետը պաշտպանեց, բայց նա էլ չհստակեցրեց՝ գործադիրում պետության մասնակցությունը կաթողիկոսի ընտրությանն ինչպե՞ս են պատկերացնում:
Սահմանադրությամբ ամրագրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, իսկ պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքով Հայաստան Հանրապետությունը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրում է Ազգային-Եկեղեցական Ժողովը, այդ ընտրությանը նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներն են մասնակցում:
«Բոլոր հարցերն իրենց պատասխանները ժամանակին կստանան: Այն, որ բարեփոխման կարիք կա, այդ թվում՝ եկեղեցում, ավելի քան ակնհայտ է: Եթե դուք այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որովհետև խնդիրներն ակնհայտ են», - նշեց Անդրեասյանը:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, սակայն, չի բացառում, որ իշխանությունն իր նպատակին հասնելու համար նոր Սահմանադրության նախագծից հանի պետության կողմից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչող դրույթը, փոխարենը կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցության վերաբերյալ մեխանիզմներ սահմանի:
«Դա կդիտվի, իհարկե, մեր ազգային, եկեղեցական ավանդույթներին ամբողջությամբ հակասող մի քայլ: Զարմանալի է ցինիզմի բարձրագույն աստիճանը, որը նույնիսկ Փաշինյանից ու իր կամակատարներից դժվար է անգամ ենթադրել, նման ձևով հայոց ազգային եկեղեցու դեմ խոսում են միայն մեր թշնամիները», - ասաց Պողոսյանը:
Մինչ Մայր Աթոռը լուռ է, խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եկեղեցու հասցեին Փաշինյանի հայտարարությունները «ինքնության քայքայմանն ուղղված գործողություն» է որակում:
«Մեր ինքնության պաշտպանությունը, պահպանությունը հակոտնյա է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, քաղաքականություն, որը միայն Ադրբեջանին ու Թուրքիային գոհացնելու քաղաքականություն է», - ասաց Գալստյանը և նշեց. - «Եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն ունեցող ազգային ինստիտուտն է այսօր: Ես նաև քիչ թե շատ նրա մարդկային հատկանիշներին ծանոթ լինելով, ինքն ուղղակի ոչ թե ցայտնոտի, այլ խանգարմունքի մեջ է հայտնվել, երբ տեսնում է, որ երկրում կա մի ինստիտուտ, որ հակառակ այս ամեն ինչին, հակառակ թիրախավորումներին, սադրանքներին շարունակում է վայելել հայ ժողովրդի համակրանքը, սերը»:
«Կովկասյան բարոմետրի» անցած տարվա հետազոտության համաձայն, Հայաստանում ամենաշատ վստահությունը եկեղեցին ունի, ընդ որում 2021-ի համեմատ այն մոտ 6 անգամ ավելացել է: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիրին, ըստ նույն հարցման, 2024-ին 11.8 տոկոսն է լիովին վստահել:
Պետությունը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, անելիք չունի կաթողիկոսի ընտրությանը. - «Ժողովը բաղկացած է թե՛ աշխարհիկ մասից, թե՛ հոգևորականներից, այնտեղ պետությունն անելիք չունի, այնտեղ հայ քրիստոնյա հոտն է որոշում իր Վեհափառին»:
«Աստծուն տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվ». մինչ եկեղեցուն ուղղված Փաշինյանի հայտարարությունների շուրջ, այդ թվում՝ հայհոյախառն, քննադատությունը չի մարում, հենց նրա գրասենյակից թեման թեժացնում են: Կոնկրետ այս գրառման հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է:
«Ինձ համար միշտ հաճելի է լինել այստեղ, և ես համոզված եմ, որ դեռ շատ կլինեմ, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի կյանքում, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի կյանքում, այդ թվում՝ իմ և ու իմ ընտանիքի կյանքում», - 2018-ի այս ջերմությունը սառեց մասնավորապես 2020-ի պատերազմից հետո, երբ Գարեգին երկրորդն անձամբ հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ:
Իշխանական պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց՝ ինչպես են պատկերացնում կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցությունը: Փորձում էինք նաև ճշտել քննադատություններին նրանց արձագանքը, նաև՝ ինչպես են պատկերացնում կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցությանը: Բացի այդ՝ այդ ի՞նչ տեղեկություններ ունի վարչապետը, որոնք հիմք են տալիս կասկածել կաթողիկոսի կուսակրոնությանը և որ ոչ պակաս կարևոր է՝ ինչպե՞ս են դրանք հայտնվել նրա ձեռքում: