Մատչելիության հղումներ

Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծումը


Հայ-վրացական անցակետ
Հայ-վրացական անցակետ

Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի՝ 10 հազար ծաղկի ներմուծումը, այսօր հաղորդել է այդ երկրի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում իրականացված ստուգումների ժամանակ վրացի մաքսավորները «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։

«Սահմանային-կարանտինային հսկողության ընթացքում արձանագրվել են Վրաստանի բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր», - հայտարարել է վրացական կողմը, հավելելով, թե «վարակված արտադրանքը» կվերադարձվի Հայաստան։

Հայաստանն Էկվադորից հետո Վրաստան ծաղիկներ մատակարարող երկրորդ խոշոր երկիրն է. միայն այս տարվա չորս ամիսների ընթացքում, ըստ վրացական աղբյուրների, Հայաստանից այդ երկիր է ներմուծվել 1,3 մլն դոլարի ծաղիկ։

Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ նաև հայկական կոնյակ ու գինի արտահանողներն են դժգոհում Վրաստանի տարածքում իրականացվող «անհարկի ստուգումներից ու խոչընդոտներից», ինչի հետևանքով դեպի Ռուսաստան և այլ երկրներ ուղևորվող բեռնատարները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը հաղորդել էր, թե պատրաստվում է այս հարցը քննարկել Վրաստանի գյուղնախարարի՝ այսօր Երևան կատարելիք այցի ժամանակ։

Այցից մեկ օր առաջ, սակայն, վրացական կողմը այն չեղարկեց՝ պատճառաբանելով, թե նախարարը ծանրաբեռնված է։
Ավելի վաղ վրացական կողմից հայտարարել էին, թե մաքսակետերում իրականացվող վերահսկողությունը համապատասխանում է երկրի օրեսդրությանն ու միջազգային նորմերին։ Հայ գործարարները, սակայն, պնդում են, որ նման ստուգումներ տասնամյակների ընթացքում երբեք չեն եղել։ Թե ինչ է փոխվել երկկողմ հարաբերություններում՝ ոչ Թբիլիսին, ոչ Երևանը դեռ չեն պարզաբանում։

XS
SM
MD
LG