Ռուսաստանը Ստամբուլի երեկվա հանդիպմանը փաստացի հրաժարվել է ընդունել առանց նախապայմանների հրադադար հաստատելու Ուկրաինայի առաջարկը: Փոխարենը առաջարկել է ռազմաճակատի մի քանի հատվածներում կրակը դադարեցնել 2-3 օրով՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար:
Ուկրաինայի նախագահը, արձագանքելով դրան, ռուսական պատվիրակությանն «ապուշ» է անվանել, ապա ԱՄՆ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել, որպեսզի Ռուսաստանին ստիպի համաձայնել հրադադարին:
«Կարծում եմ՝ նրանք ապուշ են, քանի որ սկզբունքորեն հրադադարը նրա համար է, որ կանխվեն մարդկանց սպանությունները … Այսինքն՝ ռուսների համար խոսքն ընդամենը պատերազմի կարճատև դադարի մասին է», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն առաջին փոխվարչապետի ու էկոնոմիկայի նախարարի հետ մեկնել է Վաշինգտոն: Ժամանելուն պես Անդրեյ Երմակը սոցցանցում գրել է, որ իրենց օրակարգն ընդգրկուն է, կքննարկեն նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը:
«Մենք ակտիվորեն առաջ կմղենք Ուկրաինայի համար կարևոր հարցերը … Նախատեսում ենք խոսել պաշտպանական աջակցության և մարտադաշտում տիրող իրավիճակի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին», - գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Երեկ էլ Եվրոպական հանձնաժողովի նախագահն էր Բեռլինում ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հետ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ողջունում են Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և օրինագիծը հաջորդ շաբաթ Սենատում առաջ մղելու՝ սենատորի նախաձեռնությունը:
«Մեզ անհրաժեշտ է իրական հրադադար, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ: Անհրաժեշտ է դադարեցնել այս պատերազմը։ Ճնշման տարբերակն աշխատում է, քանզի Կրեմլը ուրիշ ոչինչ չի հասկանում», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Երեկ հրապարակվել է խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական տարբերակը, որը Մոսկվան ստամբուլյան բանակցությունների ընթացքում փոխանցել է Կիևին: Ըստ այդմ՝ Ուկրաինան պետք է չմիանա ռազմական դաշինքների, ձեռք չբերի միջուկային զենք, Ռուսաստանի գրաված տարածքները ռուսական ճանաչի, իր զորքի առավելագույն քանակ սահմանի:
Հուշագրի երկրորդ բաժնում հրադադարի պայմանների երկու տարբերակ կա: Առաջինով առաջարկում է ուկրաինական զորքը դուրս բերել արդեն գրավված տարածքներից՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հեռավորության վրա։ Երկրորդն ավելի բազմափուլ է. այն արգելում է ուկրաինական զորքի վերատեղակայումը, Արևմուտքի կողմից զենքի մատակարարումն ու երրորդ երկրների զորքերի ներկայությունը երկրում: Ուկրաինան նաև պետք է դադարեցնի զորահավաքը, վերացնի ռազմական դրությունը և ընտրություններ անցկացնի:
Ռուսաստանը սպասում է հուշագրի ռուսական տարբերակի վերաբերյալ Ուկրաինայի արձագանքին: Կրեմլի խոսնակն ասել է, որ հուշագրի առանձին կետերի վերաբերյալ Ռուսաստանի կողմից փոխզիջումների հնարավորությունը պետք է որոշվի բանակցային գործընթացի ժամանակ, որը չի կարող հրապարակային լինել։ Դմիտրի Պեսկովը նաև նշել է՝ սխալ կլինի Ստամբուլի բանակցություններից արագ առաջընթաց ակնկալել, քանզի աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Ստամբուլում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, դրանք կարևոր են։ Իսկապես, ի վերջո, առաջին հերթին կարևոր են մարդիկ։ Այս պայմանավորվածությունները կիրականացվեն», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ստամբուլի հանդիպման ֆոնին Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել էր, որ պատրաստ են հյուրընկալել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը: Սպիտակ տունը պատասխանել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել հրավերը, սակայն կարևոր է, որ Պուտինն ու Զելենսկին պատրաստ լինեն բանակցել:
«Նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե բանը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ, երկու կողմերն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը:
Պեսկովն էլ ասել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտության դեպքում շատ արագ կկազմակերպվի: Սակայն մոտ ապագայում այն քիչ հավանական է, քանզի Պուտինը բազմիցս է ընդգծել, որ պատրաստ է հանդիպել, բայց դա պետք է լինի տեխնիկական մակարդակով հանդիպումներին ձեռք բերված համաձայնությունների արդյունք:
Այս ընթացքում ռուսական զորքը շարունակում է հարձակումը Սումիի ուղղությամբ, որտեղ մեկ բնակավայր է վերցրել, նաև հարվածել է Սումի քաղաքի կենտրոնին, սպանվել է չորս, վիրավորվել՝ 26 մարդ, այդ թվում՝ չորս երեխա: Զելենսկին ասել է, որ դիտավորյալ են թիրախավորում խաղաղ բնակիչների:
Ռուսները հարվածել են նաև Խարկովին, Չեռնիգովին, Օդեսային, կան զոհեր և վիրավորներ, Նիկոլաևի շրջանին հարվածել են «Կինժալ» բալիստիկ հրթիռով: Ռուսաստանը հայտարարել է, որ վնաս է հասցրել Ուկրաինայի զինուժի համար ռադիոէլեկտրոնիկա և անօդաչուներ արտադրող օբյեկտների:
Ուկրաինան, իր հերթին, տեղեկացրել է, որ պայթեցրել է Ռուսաստանը Ղրիմին կապող կամրջի ստորջրյա հենարաններից մեկը, կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: