Մատչելիության հղումներ

Թրամփը Պուտինի հետ «լավ զրույց» է ունեցել, «սակայն ոչ այնպիսին, որն անմիջապես խաղաղության կտանի»


Պուտին-Թրամփ հեռախոսազրույց, կոլաժ
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց, կոլաժ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները երեկ այս տարվա մեջ չորրորդ անգամն են խոսել հեռախոսով: Դոնալդ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում քննարկել են ռուսական ռազմական օդանավակայանների վրա Ուկրաինայի վերջին հարձակումը, նաև կողմերի իրկանացրած այլ հարձակումներ: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ տեղի է ունեցել լավ զրույց, սակայն ոչ այնպիսին, որն անմիջապես խաղաղության կտանի:

«Նախագահ Պուտինը շատ վճռականորեն հայտարարեց, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը», - փոխանցել է ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանի նախագահի օգնականն իր հերթին, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Թրամփին ներկայացրել է Ստամբուլի վերջին հանդիպման արդյունքները։ Յուրի Ուշակովը պնդել է, թե Ուկրաինան փորձել է խափանել բանակցությունները՝ հարձակվելով նաև քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության վրա։

Ըստ նրա՝ Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը նախապես տեղեկացված չի եղել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակման մասին: Նախագահները նաև համաձայնել են շարունակել Ուկրաինայի հարցով բարձր մակարդակի շփումները, սակայն խաղաղության համաձայնագրի հուշագրերը չեն քննարկել:

«Համապատասխան հուշագրերը, որոնք կողմերը փոխանցել են միմյանց, կվերլուծվեն Մոսկվայում և Կիևում, և այդ ժամանակ, հույս ունենք, կողմերը կկարողանան շարունակել բանակցությունները», - ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Ավելի ուշ Ուշակովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում առհասարակ չի քննարկվել: Կրեմլը ի սկզբանե համաձայնել է միայն պատվիրակությունների միջև բանակցություններին:

Երեկ տեղի է ունեցել նաև Պուտինի հեռախոսազրույցը Հռոմի Պապի հետ: Քննարկել են ուկրաինական հակամարտությանն առնչվող հարցեր: Լեո 14-րդը Կրեմլի ղեկավարին հորդորել է խաղաղությանը նպաստող քայլ անել:

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, երեկ կառավարության անդամների հետ հանդիպմանը դժգոհել է Ուկրաինայի վերջին հարձակումներից, ասելով՝ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է այս պայմաններում բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնել ուկրաինացիների հետ:

Ռուսաստանի նախագահն ասել է՝ Բրյանսկում և Կուրսկում կամուրջների պայթեցումը ահաբեկչական ակտ էր, որի նպատակն էր խափանել բանակցությունները: Պուտինը նշել է, որ այդքանից հետո Ուկրաինան նաև խնդրում է հրադադար հաստատել, ինչի իմաստն ինքը չի տեսնում, քանզի, ըստ նրա, Կիևը դա կօգտագործի Արևմուտքից ստացած զենքով նոր հարձակումներ պատրաստելու համար:

«Բայց ինչպե՞ս կարող են այս պայմաններում նման հանդիպումներ անցկացվել։ Ինչի՞ մասին կարող ենք խոսել։ Ո՞վ է բանակցում նրանց հետ, ովքեր ահաբեկչության վրա են խաղադրույք անում: Ինչո՞ւ պետք է խրախուսենք նրանց՝ դադարեցնելով մարտական գործողությունները», - հայտարարել է ՌԴ նախագահը:

Կրեմլի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ կամուրջների պայթեցումը չէր կարող համաձայնեցված չլինել Ուկրաինայի նախագահի հետ, հետևաբար՝ հետագա բանակցությունների ժամանակ չեն կարող դա նկատի չունենալ: Դմիտրի Պեսկովը նշել է, թե կցանկանային, որ ԱՄՆ նախագահը խստորեն դատապարտի այդ հարձակումը: Նաև հաստատել է՝ Պուտինն իսկապես Թրամփին ասել է, որ կպատասխանեն դրան: Իսկ թե երբ և ինչպես, կորոշեն զինվորականները: Անկախ ամենից՝ շփումներն Ուկրաինայի հետ կշարունակվեն, պարզաբանել է նա:

«Գիտեք, որ երեկ նախագահի և կառավարության հանդիպմանը մեր արտգործնախարարը տեսակետ հայտնեց, որ չնայած այդ փաստին՝ անհրաժեշտ է շարունակել շփումները աշխատանքային մակարդակով։ Եվ պետության ղեկավարը սատարեց այս դիրքորոշումը», - ասել է Պեսկովը:

Թրամփի գրառումից հետո, որ Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակմանը, Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել թուլություն չցուցաբերել Պուտինի սպառնալիքների առաջ: Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է, որ երբ աշխարհը թույլ է արձագանքում, Պուտինը դա ընկալում է որպես ազդակ, որ պատրաստ են աչք փակել իր հանցանքների վրա, և նորերն է գործում:

«Ցավոք սրտի, Պուտինը զգում է, որ անպատիժ է մնում, և նույնիսկ ռուսական բոլոր սարսափելի հարվածներից հետո, նա, ենթադրաբար, ևս մի քանի պատասխաններ է պատրաստում», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Մինչ Կիևն ու Մոսկվան քննադատում են միմյանց, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը, Ստամբուլի հանդիպումների, բանակցությունների հետագա ընթացքի, գերիների փոխանակմանն առնչվող հարցեր: Անդրեյ Երմակն ասել է, որ Ուկրաինան հիմա առավել շատ հակաօդային պաշտպանության ոլորտում օգնության կարիք ունի:

«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն։ Սա մեզ համար դեռևս շատ մեծ խնդիր է, քանի որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր քաղաքները», - հայտարարել է Երմակը:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երեկ տեղի է ունեցել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստը՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվելիք ռազմական աջակցությանն առնչվող հարցեր: Նիստին մասնակցել են դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները՝ բացի ամերիկացի նախարարից, թեև նա այնտեղ է եղել: Փիթ Հեգսեթն ասել է, թե դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը լքում է Ուկրաինային, քանզի հանդիպմանը մասնակցել է Միացյալ Նահանգների դեսպանը:

Իսկ ռազմական իրադրությունը մնում է լարված: Ռուսական անօդաչուները շարունակում են հարվածել ուկրաինական քաղաքներին։ Չեռնիգովում սպանվել է հինգ, վիրավորվել՝ վեց մարդ, Խերսոնին հարվածել են նաև կառավարվող ավիառումբերով։ Խարկովում բնակելի շենքերին անօդաչուների հարվածներից հրդեհներ են բռնկվել, կա 17 վիրավոր: Ուկրաինական կողմը ևս անօդաչուներով հարվածել է Ռոստովին և այլ քաղաքների: Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական անօդաչուն հարձակվել է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ուսումնական կենտրոնի վրա, զոհեր չկան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG