Մենք Քրիստոս ենք քարոզում, ոչ թե մեր սեռական անկողինը. Իտալիայի հոգևոր հովիվ

Էջմիածնում հոգևոր վերնախավը երեկ 3.5 ժամ քննարկել է վարչապետ Փաշինյանի ու նրա տիկնոջ աղմկոտ մեղադրանքները ուղղված հոգևոր դասին ու այդ ամենը անվանել «հակաեկեղեցական ամոթալի արշավ»։ Մայր Աթոռի հայտարարությունում ասված է՝ «Փաշինյանը պետական այրին անհարիր բառապաշար ունի»։

«Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով», - ասված է հայտարարության մեջ։

Էջմիածնի միաբանները կարծում են՝ «եկեղեցամարտ այս կեցվածքը» քաղաքական նպատակներ ունի, հարգանք վայելող Եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու փորձ է. «Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

Մայր Աթոռը ոչ ուղիղ, վարչապետի գլխավոր մեղադրանքին էլ է անդրադարձել։ Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ պնդում է՝ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Էջմիածնից մոտավորապես ասում են՝ ձեր ի՞նչ գործն է. «Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 2-րդ. վարչապետն ու տիկինը շարունակում են գրել, Մայր Աթոռը դեռ լռում է

Էջմիածնի ժողովականները հայտարարության եզրափակիչ մասում միաբանության հորդորներ ունեն, բայց մինչև այդ իրավասու պետական մարմիններին կոչ են անում կասեցնել վարչապետի՝ «անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։

Հարցին՝ ո՞վ է կասեցնողը, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց թվարկելով. «Բոլոր այն կառույցներին, որոնք պիտի ասեն, որ սիրելի՛ս, սա քո գործը չէ, սա քո իրավասությունների սահմանում չէ: Դա կարող է լինել Ազգային ժողով, իրավապահ մարմիններ, Ազգային անվտանգություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Սահմանադրական դատարան»:

Իտալիայի հոգևոր հովիվ Ներսես աբեղա Հարությունյանը Մայր Աթոռից ավելի կոշտ հակադարձում սպասողներին ասում է՝ տեքստի տողատակերում ամեն ինչ կա, իրենք սիրո լեզվով են խոսում։

«Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի, սիրո եկեղեցի է։ Եվ այս մարդիկ քանի բանադրված չեն, նզովյալ չեն հայտարարվել, չեն վտարվել եկեղեցուց, նրանք մեր զավակներն են», - նշեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայհոյանքին հայհոյանքով ենք պատասխանում, սա էլ կրթվելու ձև է». Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը «բացատրեցին» իրենց բառապաշարը

Եթե այս նույն իշխանական դեմքերը վաղը հաղորդության համար որևէ եկեղեցի մտնեն, նրանց մերժող չի լինի, վստահ է աբեղան։ Իսկ Մարմաշենի եկեղեցու քահանայի կտրուկ բառապաշարը համարում է ուղղակի զգայական մի բան։ Հայր Ներսեսը չի կարծում, որ հոգևորականները պետք է կոնֆլիկտ հրահրող իշխանության հետ մարտի բռնվեն կամ տրվեն «անկողնային աղմուկին»։

«Մենք Քրիստոս ենք քարոզում, ոչ թե մեր սեռական անկողինը, և երբ հավատացյալին քո սեռական սկանդալներն են հետաքրքիր և ոչ թե քո քարոզած Քրիստոսը, այստեղ արդեն առաջանում է լուրջ երկխոսելու շատ մեծ աշխատանք, իսկ երբ դա անում է թիկնապահներով զինված, պետական կառույցներով զինված իշխանությունը, ինձ զրկում է իրենց հետ իբրև հոգևորական այդ երկխոսությունից», - ասաց նա:

Ըստ հոգևորականի՝ կուսակրոնության ուխտի վերաբերյալ նախ կասկածները, ապա պարզաբանման պահանջները նպատակ ունեն զրկել Եկեղեցուն հավատացյալ համայնքի աջակցությունից։ Հետո էլ, կարծում է, կանցնեն քրեական ռումբերին։ Պատճառն, ըստ նրա, Ամենայն Հայոց կաթողիկոսի Շվեյցարիայում բարձրացրած հարցերն են Արցախի մշակութային ժառանգության պահպանության, վերադարձի իրավունքի ու գերիների ազատ արձակման թեմայով։ Եթե անկեղծ հարցադրումներ ունեք կուսակրոնության ուխտին հավատարմության վերաբերյալ, հարցրեք առանց իշխանական լծակներ գործադրելու, ասում է 16 տարվա կուսակրոն հոգևորականը։

«Մի՛ կողմ թողեք ձեր բոլոր պետական լծակները և որպես եկեղեցու պարզ հավատացյալ ձեր այդ հարցերը բարձրացրեք, եթե իհարկե ձեզ համար այդքան մտատանջող, սոսկալի է որևէ կուսակրող հոգևորականի սեռական կյանքը կամ ինչ-որ սեռական արկածը երբևէ եղած», - հավելեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր Աթոռը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտե՞լ է կուսակրոնության ուխտը». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զարգացնելով կուսակրոնության թեման, երեկ ու այսօր էլ պարզաբանում է պահանջել Էջմիածնից, թե արդյոք Կաթողիկոսը զավակ ունի՞, այսինքն՝ խախտե՞լ է այդ ուխտը։ Ընդ որում, այս հարցը, ըստ Փաշինյանի, պիտի անհետաձգելիորեն պարզաբանվի։ Թեման փակելու մտադրություն իշխանությունը չունի։ Ժամեր առաջ էլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր ուժի մեջ պահում հարցը։

Աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև 6 օր առաջ սկսված ու ամեն օր ծավալվող այս փոթորիկը ինչով կավարտվի, ըստ աբեղայի՝ կմնան սպիներ, վատ հիշողություններ, ու կմնա Վեհափառը։