Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և սպասում է հաստատման, հայտնել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը: Fox News-ի հետ զրույցում Քիթ Քելլոգն ասել է, որ անցյալ շաբաթավերջին է խոսել նոր փաթեթի հեղինակ, հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հետ: Ըստ նրա՝ նախատեսվում է 500 տոկոս մաքսատուրք սահմանել ռուսական գազ ու նավթ գնող երկրների համար:
«Որքան հասկանում եմ, պատժամիջոցները պատրաստ են: Ռուսաստանը նավթային տերություն է, եկամտի մեծ մասը ստացվում է նավթաքիմիական արդյունաբերությունից։ Հենց այս արդյունաբերության դեմ են ուղղված այս պատժամիջոցները»,-նշել է նա:
Ուկրաինայի արտգործնախարարն էլ ասել է, որ Ռուսաստանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագրի հուշագրի ուկրաինական տարբերակին: Անդրեյ Սիբիգան սոցցանցում գրել է, որ փոխարենը Մոսկվան ներկայացրել է մի շարք հին վերջնագրեր, որոնք կողմերին չեն մոտեցնում իրական խաղաղությանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով Ստամբուլի ձևաչափը վերածվել է զուտ ռազմագերիների փոխանակման հանդիպումների։ Մինչդեռ բոլոր ուղղություններում կարելի էր շոշափելի արդյունքների հասնել, եթե ռուսները նույնպես կառուցողական լինեին, գրել է նա:
«Մենք պատասխան ենք պահանջում Ռուսաստանից։ Նրանց լռության յուրաքանչյուր օրն ապացուցում է, որ նրանք ցանկանում են շարունակել պատերազմը ... Ռուսաստանը դեռ մերժում է հրադադարի ցանկացած իմաստալից ձևաչափ։ Սա բավարար հիմք է նոր պատժամիջոցների համար», - ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Ուկրաինայի նախագան իր հերթին առաջարկել է հրադադար հաստատել մինչև առաջնորդների հանդիպումը, ապա նշել, որ պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ստամբուլի երկրորդ հանդիպումը ոչնչով չէր տարբերվում առաջինից՝ ռուսները ներկայացրել են նույն վերջնագրերը, ինչ նախորդ անգամ, պարզապես այս անգամ արդեն՝ գրավոր:
«Դա իրագործելի փաստաթուղթ չէ։ Նրանք հնարավորինս երկար են հետաձգում պատժամիջոցները, վախենում են պատժամիջոցներից։ Ռուսները գիտեին, որ սա վերջնագիր է, և ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ էլ որևէ մեկը դա լուրջ չի ընկալի, քանի որ դա վերջնագիր է», - ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան ուսումնասիրում է հուշագրի ուկրաինական տարբերակը:
Մոսկվան առաջին անգամ խոստովանել է Ուկրաինայի կողմից Կերչի կամրջրի ստորջրյա հենարանի պաթեցումը: Կրեմլի խոսնակն ասել է, որ կամուրջը չի վնասվել և շարունակում է գործել: Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ հաջորդ բանակցությունների օրը կհամաձայնեցվի, երբ կողմերը պատրաստ լինեն:
«Ակնհայտ է, որ փոխանակված հուշագրերի նախագծերի վերանայման համար որոշ ժամանակ կպահանջվի: Երբ կողմերը պատրաստ լինեն, կհամաձայնեցնեն հաջորդ փուլի ամսաթիվը», - նշել է նա:
Ռուսական պատվիրակության ղեկավարն էլ ասել է, որ Ստամբուլում ուկրաինական կողմը համաձայնել է կարգավորումն սկսել 30-օրյա կամ 60-օրյա զինադադարով, որպեսզի պատրաստեն նախագահների հաջորդ հանդիպումը: Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ փոխանցել են իրենց դիրքորոշումը, որ այդ հանդիպումը հնարավոր է, բայց պետք է մանրամասն նախապատրաստվի, քանզի նախագահները ոչ թե պետք է մշակեն համաձայնագրի մանրամասները, այլ վերջնական որոշումներ կայացնեն նախապես համաձայնեցված նախագծերի վերաբերյալ:
Ռուսաստանը նաև Արևմուտքից հետևողականորեն պահանջում է, որ ՆԱՏՕ-ն չընդարձակվի դեպի արևելք: Այս ֆոնին Բրյուսելում հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ այսօր դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը, սակայն դա երբեք չեն կապել հակամարտության կարգավորման հետ:
«Մենք նոր ֆինանսավորումը կպլանավորենք այնպես, որ այն չազդի Ուկրաինայի հետ դաշինքի փոխգործակցության վրա, որպեսզի Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար», - շեշտել է Մարկ Ռյուտեն:
Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ ասել է, որ հիմա շփումների մեջ են ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, որպեսզի Ուկրաինային Patriot կամ հակաօդային պաշտպանության նմանատիպ լրացուցիչ համակարգեր տրամադրվեն: Նիդեռլանդների պաշտպանության նախարարն էլ ասել է, որ այսօր կհայտարարի Ուկրաինային 400 միլիոն եվրոյի ծովային աջակցության փաթեթ տրամադրելու մասին: Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ այս տարի 350 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում կանի, որպեսզի տասն անգամ ավելացնի Ուկրաինային տրամադրվող անօդաչուների թիվը՝ 10,000-ից հասցնելով 100,000-ի:
Այս ընթացքում ռուսական զինուժը անօդաչուներով հարվածել է Սումիին, Օդեսային, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր: Հրթիռով էլ հարվածել են Խարկովում գտնվող քաղաքացիական ձեռնարկության, նաև բնակելի թաղամասերի, առնվազն յոթ տուն է վնասվել, Խերսոնում երկու վիրավոր կա, ևս մեկը՝ Կուրսկում: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել Արևելյան Ուկրաինայում: Ուկրաինան ևս անօդաչուներով հարձակվել է ռուսական մի քանի շրջանի, այդ թվում՝ Ղրիմի վրա: