Իշխանություն-եկեղեցի սրված հարաբերությունները կարող են հասնել մինչև օրենսդրական տիրույթ: Ազգային ժողովի նախագահը չի բացառում, որ Սահմանադրությունը փոխելիս՝ նաև վերանայեն Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը:
«Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ, եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձև է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է», - ասաց Սիմոնյանը:
Հայաստանի Սահմանադրությամբ՝ եկեղեցին, անջատ է պետությունից: Սահմանադրությամբ է հռչակված՝ հայ ժողովրդի հոգևոր, ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելությունը: Մեկ այլ օրենքով էլ պետությունն ընդունում է ինքնիշխանությունը: Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ եթե եկեղեցին հատուկ կարգավիճակ է ունենում, ուրեմն պետությունն էլ պետք է այդ կառույցում մասնակցություն ունենա: Ու հարցը պետք է հստակեցնեն օրենսդրական փոփոխությամբ. - «Առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար, ուրիշ բանի մասին չեմ խոսում»:
Վարչապետ Փաշինյանի ու եկեղեցու լարված հարաբերությունները վերջին օրերին ավելի են սրվել ու չեն հանգուցալուծվում: Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու համար ու պնդում է՝ հեռանան հոգևոր ծառայությունից: Վարչապետի թիրախում հատկապես կաթողիկոսն է: Պահանջում է Մայր աթոռը պարզաբանի՝ արդյոք Գարեգին երկրորդը զավակ ունի՞:
«Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը: Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Հայաստանի վարչապետը կառավարության նիստում եկեղեցիները չուլանի հետ համեմատեց, հոգևորականները կոշտ արձագանքեցին, դրան Փաշինյանը պատասխանեց հայհոյանք - գրառմամբ. Ազգային ժողովի խոսնակի համար նորմալ է Փաշինյանի բառապաշարը. - «Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը, մեկ-մեկ շատ մարդիկ իմ ընկերներից ասում են, որ իմ խոսքը, որի մեջ որևիցե բառ չկա, որը կարող է որպես հայհոյանք ընկալվել որևէ մեկի կողմից, շատ ավելի ցավոտ ու վիրավորական կարող է հնչել: Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու»:
Ալեն Սիմոնյանը համաձայն է Փաշինյանի սկսած գործի հետ: Կարծում է, որ հոգևորականները պետք է իրենց անձնական կյանքի մասին պարզաբանումներ ներկայացնեն, որ Սիմոնյանը եկեղեցի մտնելիս՝ իմանա ում ձեռքը համբուրի:
Իշխանականներին ուղղված քննադատությունները պետք է անարձագանք չմնան: ՔՊ-ական պաշտոնյան կարծում է, որ քննադատների հետ պետք է խոսել նույն լեզվով: Իսկ ինչո՞ւ հանկարծ որոշեցին հիմա, ընտրություններից մեկ տարի առաջ: Հնարավո՞ր է վերջին հարցումների արդյունքներն են պատճառը, որ առաքելական եկեղեցու հեղինակությունը իշխանությունից մոտ 5-6 անգամ բարձր է:
«Ինձ էլ որ հարցնեն, ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, վստահում եմ մեր եկեղեցուն ու չեմ վստահում այլ եկեղեցու: Ուզում եմ հասկանամ՝ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջե՞լ է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ-որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Կաթողիկոսի առաջարկով օրեր առաջ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում միջազգային համաժողով էր կազմակերպել «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» թեմայով: Գարեգին Երկրորդը ելույթ է ունեցել Ադրբեջանի ոճրագրոծության ու Արցախը հայաթափելու մասին:
Ի՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ջանքերով հրավիրված համաժողովի մասին Հայաստանի արտգործնախարարը, որի թիմակիցները թիրախավորել են եկեղեցին ու հոգևորականներին, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր Ազգային ժողովիմ դիմեց Արարատ Միրզոյանին:
«Հարց եք տալիս, ասում եք՝ կաթողիկոսը ազգի փրկության համար համաժողով արեց Շվեյցարիայում, դրանից հետո սկսեցիք հարձակվել կաթողիկոսի վրա, դե Միրզոյան արի ռացիոնալ պատասխան տուր էս հարցին: Ի՞նչ ասեմ, որ հոդաբաշխ հնչի», - արձագանքեց արտգործնախարարը:
Էջմիածնում հոգևոր վերնախավը անարձագանք չէր թողել հոգևորականների ուղղությամբ վարչապետի գրոհը: Փաշինյանի ու նրա տիկնոջ աղմկոտ մեղադրանքները ուղղված հոգևոր դասին, համարում են «հակաեկեղեցական ամոթալի արշավ»: Էջմիածնի միաբանները կարծում են՝ «եկեղեցամարտ այս կեցվածքը» քաղաքական նպատակներ ունի, հարգանք վայելող եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու փորձ է: