Մատչելիության հղումներ

Միրզոյանը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ մոտ ապագայում իրատեսական է համարում


Արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ
Արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ շատ մոտ ապագայում հարաբերությունների կարգավորումը իրատեսական է համարում: Զուգահեռ նաև հավելում՝ Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմաններից չի հրաժարվում:

Մոտ երեք ամիս է փաստաթուղթը համաձայնեցված է, բայց Ադրբեջանը այն ստորագրելուց առաջ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխել Հայաստանի Սահմանադրությունը:

Ըստ Միրզոյանի՝ իրենք ադրբեջանական կողմի հետ հատկապես վերջին դեմ առ դեմ հանդիպումներին ադրբեջանցի պաշտոնյաներին փորձում են բացատրել մասնավորապես այն, թե ինչու հիմնավոր չեն Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ նրանց մտահոգությունները:

«Մենք միաժամանակ նաև ասում ենք, որ նայեք՝ էս պատճառով, էս պատճառով, էս պատճառով դա խնդիր չի, բայց եթե խնդիր է, կա, քիչ առաջ նկարագրեցի, սենց լուծում, սենց լուծում, սենց լուծում, և այլն: Մեր հանդիպումների, մեծ հաշվով, իմաստը և հիմնական խոսակցությունը էս վերջին շրջանում, հատկապես՝ տեքստի համաձայնեցումից հետո, ըստ էության, էս ոգով և էս ոճով է ընթանում: Բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնել», - այսօր հայտարարեց արտգործնախարարը:

Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ նաև Մինսկի խմբի լուծարման հայտարարություն ստորագրել: Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Երևանից պնդում են, թե այն Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ ստորագրումից հետո, եթե Սահմանադրական դատարանը հակառակ որոշումը կայացնի, Հայաստանում հանրաքվե կանցկացվի:

Եթե Բաքուն, հակառակ Երևանի այս բացատրությունների, նախապայմաններից չի հրաժարվում, ի՞նչ հիմք ունի արտգործնախարարի լավատեսությունը, որ մոտալուտ ապագայում հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի: «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ արտգործնախարարը կրկնեց նույն միտքը, թե ինքը տեսնում է կարգավորման համար բացված պատուհան:

«Այո, իսկապես, իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի այդ և հարակից մնացած հարցերի շուրջ: Ինչքանով կիրականանա էս իմ տեսած հնարավորությունը՝ դա իհարկե բոլորովին այլ հարց է», - ասաց Միրզոյանը:

Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցում նախարարի լավատեսությունը ևս հնչեց առանց կոնկրետ հիմքերի: Այստեղ ավելի քան երեք տարի է՝ կողմերի միջև քննարկումներ կան, բայց մինչ այս պահը ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ թղթի վրա են:

Ի՞նչ փուլում են սահմանազատման աշխատանքները, հարցը նախարարին ուղղեցին թե՛ ընդդիմադիր պատգամավորները, թե՛ լրագրողները: Կես տարի է՝ սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ: Նախարարն ասաց՝ այս պահին քննարկումները մեթոդաբանության շուրջ են:

«Եթե դուք ուզում եք ասեք՝ վայ, էդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու, էդպես չի, ընդհանրապես էդպես չի: Էսօր էլ քննարկում է ընթանում, ես բառացի ասեցի, կարող եմ կրկնել, էդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև, և հուսով եմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա նաև էդ գործընթացը կշարունակվի», - նշեց Միրզոյանը:

Նախարարն այսօր սահմանազատման իրականացումը ներկայացնում էր որպես մի գործընթաց, որը երկար քննարկումներ է պահանջում: Մինչդեռ անցած տարի գարնանը Տավուշի հատվածում այն իրականացվեց երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ընդ որում՝ առանց կանոնակարգի հաստատման Բաքվին չորս գյուղ վերադարձվեց: Սահմանազատման շուրջ գլխավոր հարցը մնում է ադրբեջանական զորքերի դուրսբերումը հայկական 208 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքներից: Ադրբեջանից հայտարարել են՝ այդ տարածքներից դուրս գալու մտադրություն չունեն, արդյոք Բաքվի հետ կա՞ փոխըմբռնում այդ հարցում: Նախարարը պնդեց՝ սահմանազատման կանոնակարգով խնդիրը լուծվում է:

«Ով ինչ հայտարարի, չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց, էդ թղթով է գնում: Կապրենք, կաշխատենք, կապրենք՝ կտեսնենք: Որ շատ տեսական հարցնում եք՝ իսկ կարա՞ սենց լինի, իսկ կարա՞ նենց լինի, դուք, հուսով եմ, լրագրողներդ գոնե, համաշխարհային լուրերին հետևում եք, տենց չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ, եղած կանոններով է, տարբեր բաներ են տեղի ունենում էսօր աշխարհում», - հայտարարեց Միրզոյանը:

Երևանն ու Բաքուն, ըստ Արարատ Միրզոյանի, շարունակում են քննարկումները նաև տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման շուրջ: Այս հարցում էլ, նախարարն ասաց՝ հայկական կողմը շահագրգիռ է, որ օր առաջ համաձայնության հասնեն: Ավելին՝ նշեց՝ մեկը մյուսի հետևից նոր առաջարկներ են անում Բաքվին, բայց դրական արդյուքների մասին՝ կրկին ոչ մի խոսք:

«Երբեմն տեսնում ենք հակառակ առաջարկներ, իհարկե, որոնք մեզ հիմք են տալիս կասկածելու, որ արդյոք հենց էս սկզբունքների շրջանակներում են պատկերացնում բոլորը ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Բայց էստեղ ևս խոսակցությունը շարունակվում է, և կան մեկ-երկու կառուցողական գաղափարներ, որ էսօր քննարկման են, դե տեսնենք, տեսնենք ոնց կստացվի», - ասաց արտգործնախարարը:

Հայ - ադրբեջանական գործընթացում միակ օրակարգը, որի շուրջ նախարարը հստակ գնահատական հնչեցրեց, գերիների վերադարձի հարցն էր. - «Ընդհանրապես հումանիտար հարցերը էս մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են, երևի էն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ: Վերջին բանը, որ եղել է շոշափելի, դրանից հետո խոսակցություն անշուշտ եղել է և էսօր էլ կա, բայց չեն պսակվել հաջողությամբ, վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, COP-ի շրջանակներում մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվում, և էստեղ երևի ոչ մեկս էլ մեծ, ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»:

Մեկ հարց էլ կա , որ ըստ Միրզոյանի առհասարակ չեն քննարկում Բաքվի հետ: Դա «Արևմտյանի Ադրբեջանի» և ադրբեջանցիների վերադարձի մասին ամենաբարձր մակարդակով Բաքվից հնչող պահանջներն են: Սրանք ՀՀ արտգործնախարարը որակեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG